«Արցախի Ազգային ժողովը վերահաստատում է հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին» 

Արցախի Ազգային ժողովի անդամները Եռբալուրում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի և Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրը, Երևանում այցելել են Եռաբլուր պանթեոն և հայտարարություն տարածել։

«[…] Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո, միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռական է պաշտպանելու հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»,- նշվում է հայտարարությունում:

Մեկնաբանել