ՔՊ-ական քսանհինգ պատգամավորի նկատմամբ վարույթ չի հարուցվել. ԿԿՀ նախկին նախագահը սխալվել է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

ԿԿՀ նախկին նախագահն ԱԺ-ում պնդել է, թե հանձնաժողովը ՔՊ-ական շուրջ քսանհինգ պատգամավորի նկատմամբ վարույթ է հարուցել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ այդ պնդումը սխալ է:

Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ութերորդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից քանիսի՞ նկատմամբ է ԿԿՀ-ն վարույթ հարուցել, նշեց, որ այդ թիվը 20-25 է։

Հարությունյանին այս հարցն ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ մեջբերելով տարածվող լուրերը, թե իշխող կուսակցությունը չի ցանկանում հանձնաժողովի նախկին նախագահին վերընտրել, քանի որ վերջինս վարչական վարույթներ է հարուցել ՔՊ-ական որոշ պատգամավորների նկատմամբ։

«Եթե չեմ սխալվում՝ քսան..․, մինչև քսանհինգ»,- ասաց Հարությունյանը՝ քիչ անց կրկին վերահաստատելով, որ ՔՊ քսանհինգ պատգամավորի նկատմամբ վարույթներ են հարուցվել՝ շահերի բախման, սխալ հայտարարագրերի և անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով։

Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն էր, որը պաշտոնավարում էր 2019-ի նոյեմբերից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում հակադարձեց Հարությունյանին՝ նշելով, որ, ըստ ԿԿՀ պաշտոնական կայքի, ՔՊ խմբակցության միայն հինգ պատգամավորի նկատմամբ է վարույթ հարուցվել։

ՍիվիլՆեթի ընթերցողները դիմել են խմբագրությանը՝ խնդրելով պարզաբանել այս անհամապատասխանությունը։

ՔՊ-ական հինգ պատգամավորի նկատմամբ է վարույթ հարուցվել

Ութերորդ գումարման Ազգային ժողովը գործում է 2021-ի օգոստոսից։ Դրանում ընդգրկված է հարյուր յոթ պատգամավոր՝ յոթանասունմեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր», քսանինը՝ «Հայաստան», վեցը՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններից և մեկը անկախ։

#CivilNetCheck-ը գրավոր հարցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրեց հայտնել, թե իշխանական խմբակցության ո՞ր պատգամավորների նկատմամբ և ի՞նչ հիմքերով են վարույթներ հարուցվել։
Հանձնաժողովից հայտնեցին, որ ութերորդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից վարույթ հարուցվել է հինգ պատգամավորի նկատմամբ։ Այդ պատգամավորներն են՝ Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը, Խաչատուր Սուքիասյանը, Էդուարդ Աղաջանյանը [2] և Վահե Ղալումյանը [2]։ Ընդ որում, վերջին երկուսի նկատմամբ երկու անգամ է վարույթ հարուցվել տարբեր հիմքերով։

Պատգամավորներ Գուրգեն Արսենյանի և Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ վարույթները հարուցվել են 2022 նոյեմբերին՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի խախտման հիմքով (անհամատեղելիության պահանջ)։ Հանձնաժողովի որոշումներով երկու դեպքում էլ հանձնաժողովը եզրակացրել է, որ պատգամավորները խախտում թույլ չեն տվել։

Մյուս երեք պատգամավորների մասով հանձնաժողովը գտել է, որ նրանք խախտել են օրենսդրական պահանջները։

Այսպես, հանձնաժողովը հարուցված վարույթի արդյունքում որոշել է, որ Հայկ Սարգսյանը թերի է ներկայացրել հայտարարագիրը, սակայն գործը կարճվել է և տուգանք չի կիրառվել, քանի որ իրավախախտման օրենքով սահմանված ժամկետը լրացել էր։

Էդուարդ Աղաջանյանի մասով առաջին վարույթը հարուցվել է անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով, սակայն հանձնաժողովը եզրակացրել է, որ պատգամավորը պահանջները չի խախտել։ Երկրորդ վարույթով հանձնաժողովը եզրակացրել է, որ Աղաջանյանն իր հայտարարագրում անզգուշությամբ սխալ և ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել՝ նրան տուգանելով 200 000 դրամով։

Վահե Ղալումյանի կողմից հայտարարագիրը անզգուշությամբ սխալ և թերի լրացրնելու առնչությամբ հանձնաժողովը երկու անգամ է վարույթ հարուցել։ Առաջինի մասով Ղալումյանին բանավոր դիտողություն է տրվել, իսկ երկրորդ անգամ նա տուգանվել է 200 000 դրամով։

«Հայաստան» դաշինքից վարույթ հարուցվել է երեք պատգամավորի նկատմամբ

Հանձնաժողովը վարույթներ է հարուցել նաև «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորների՝ Աննա Գրիգորյանի, Գեղամ Նազարյանի, ինչպես նաև Արմեն Չարչյանի նկատմամբ։

ԿԿՀ-ն հայտնում է, որ երեքի նկատմամբ էլ վարույթները հարուցվել են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի առերևույթ խախտման հիմքով։ Ընդ որում՝ Չարչյանի նկատմամբ վարույթ նաև երկրորդ անգամ է հարուցվել՝ վճարովի այլ աշխատանք կատարելու համար։

Ուսումնասիրությունների արդյունքում ԿԿՀ-ն եզրակացրել է, որ Աննա Գրիգորյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել և անհամատեղելիության պահանջները չի խախտվել:

Գեղամ Նազարյանի նկատմամբ վարույթում հանձնաժողովը եզրակացրել է, որ պատգամավորի ընկերությունը շահույթ չի ստացել (չի գործել) և ըստ այդմ՝ պատգամավորի կողմից ընկերությունը չհայտարարագրելը խախտում չի համարվել։

Նույն հիմքով խախտում չի համարվել նաև Արմեն Չարչյանի կողմից ընկերության իր բաժնեմասերը չհայտարարագրելը։ Երկրորդ վարույթով, սակայն, հանձնաժողովը պարզել է, որ Չարչյանը օրենքի խախտումով աշխատավարձ է ստացել «Իզմիրլյան» ԲԿ-ից։ 2023-ի հունիսին վարույթի նյութերը ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։

ԿԿՀ-ի ստեղծման պահից պատգամավորների նկատմամբ հարուցվել է տասնութ վարույթ

Հանձնաժողովը նաև հայտնել է, որ 2020-ից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հարուցվել է ընդհանուր տասնութ վարույթ, որից ութերորդ գումարման պատգամավորների նկատմամբ վարույթները տասնմեկն են։

Այսպիսով, ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ ԱԺ-ում հնչեցրած պնդումը, թե ՔՊ-ական քսանհինգ պատգամավորների նկատմամբ հանձնաժողովում վարույթ է հարուցվել, սխալ է։
Տես՝ ՔՊ-ն Հայկուհի Հարությունյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Մեկնաբանել