Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են տարածաշրջանի ապաշրջափակման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տարածաշրջանի ապաշրջափակման հարցը։

Վարչապետի գրասենյակից հաղորդում են, որ դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ, ապաշրջափակման հարցով աշխատանքային խմբում Հայաստանի համանախագահ Մհեր Գրիգորյանը:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն Օվերչուկին ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նա նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում։ Նիստից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։

Մեկնաբանել