1988-ի շարժումը․ վավերագրողի հիշողությունները

Լուսինե Վարդանյան, Հասմիկ Հովհաննիսյան

Զարուհի Մուրադյանը հասարակական գործիչ և նկարչուհի է։ Նա 1988-ի շարժման սակավաթիվ վավերագրողներից է: Սեփական տեսախցիկով շարժման առաջին օրերից մասնակցել է ցույցերին՝ արժեքավոր կադրեր նկարելով հետագա սերունդների համար:

Մանկությունը

Զարուհի Մուրադյանը հայտնի հայ նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրն է։ Մուրադյանի տունը մի քանի տասնամյակը մեկ դառնում էր քաղաքական կարևոր իրադարձությունների քննարկման հավաքատեղի։ Հեղափոխական շատ գործիչներ, շարժման առանցքային դեմքերից շատերն իրար հետ ծանոթացել են հենց այդ տանը։

«1965-ն էր, գիշերը մեր տանը միշտ աղմուկ էր։ Հյուր էին գալիս Պարույր Սևակը, Ռաֆայել Ղազարյանը և այլք։ Մինչև առավոտ վիճում էին, երգում, արտասանում։ Յոթանասունականներին երիտասարդ գիտնականների մի խումբ մի քանի տարի իրար հետևից աշնանը հավաքվում էր Մերգելյան ինստիտուտի պանսիոնատում։ Ընդհանուր սեղանի շուրջ հակախորհրդային ելույթներ չէին լինում. բոլորը հասկանում էին, որ մեկնումեկը բերանից կարող է թռցնել։ Բայց ավելի ուշ, երբ գիշերը երկուսի կողմերը ավելի փոքր խմբերով քեֆ-ուրախությունը շարունակում էին իրենց սենյակներում, սկսում էին քաղաքական անեկդոտներ հնչել»։

Տարիքի համեմատ՝ Զարուհին ավելին գիտեր Արևմուտքի ու խորհրդային համակարգի մասին։ Արևմուտքի մասին պատմությունները բերում էր հայրը։

Դպրոցական տարիքից ինքն արդեն Ազատություն ռադիոկայան ու Ամերիկայի ձայն էր լսում՝ «թշնամական ձայներ»։

«Սենց անեկդոտ կար։ Ոչի՞նչ որ ռուսերեն ասեմ։ Ասում էին “Запад гниет, но так пахнет»,- պատմում է Մուրադյանը։ Իսկ «փտող» Արևմուտքի հետ կապերն ավելի ամրապնդվեցին, երբ ընտանիքը պարզեց, որ վաղուց կորած հարազատ ունի ԱՄՆ-ում։ «Մամաս գնաց, գտավ հորը [Կոնստանտին Քեչեկ], որը գերությունից հետո անհետ կորել էր՝ Ղրիմում գերի էր ընկել 1942-ին, թե 43-ին։ Երկար տարիներ հետո պապիկս նամակ գրեց մորը, և մայրը, այսինքն՝ մորս տատիկը, կանչեց մամայիս և ասաց՝ գիտես, որ հայրդ գտնվել է, Ամերիկայում է։ Ամեն ինչ շատ գաղտնի էր ասվում։ Նամակը հայազգի երգչուհի էր բերել։ Հայրս, լինելով բավական քաջ մարդ Սովետական Միությունում, մորս ասաց՝ գրի հորդ՝ ես չեմ վախենում ոչ մի բանից։ Մենք դեռ փոքր երեխա էինք, նոր-նոր գրել էինք սովորում, մաման մեզ տալիս էր բացիկներ, ասում էր՝ պապիկին նամակ գրեք։ Ու պապիկը սկսեց մեզ ծանրոցներ ուղարկել»։

Կոնստանտին Քեչեկի մյուս զավակը՝ Սերգեյ Քեչեկը, երաժիշտ է, մանկավարժ-պրոֆեսոր և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։

1988-ը

Երկու տարուց սկսվելու էր շարժումը, Զարուհին Աթենքում էր։ «Հյուրանոցից երգող մարդկանց երթ տեսա։ Գիշերը դուրս եկա հյուրանոցից ու գնացի նրանց հետևից։ Ու մտածում էի՝ Երևանում կարո՞ղ է սենց բան լինել։ Ու հանկարծ Երևանում կատարվում է նույնը»։

Սայաթ-Նովա փողոցով անցնելիս մի քանի հարյուր մարդ տեսանք։ Հավաքվել էին Օպերայի հրապարակում։ Կանգնեցրինք մեքենան, մոտեցանք հավաքվածներին, իսկ հաջորդ օրը կեսգիշերին արդեն պատրաստվում էինք քնելու, մեկ էլ Կիևյան փողոցը կարծես երկրաշարժից ցնցվեց։ Սիրտս դուրս եկավ համարյա։ Դուրս թռանք տնից»։

88-ից ծանոթ դեմքերը նորից սկսեցին հավաքվել Մուրադյանի տանը։ Հյուրերից մեկն ապագա նախագահն էր։

«Լևոն Տեր-Պետրոսյանը աշխատում էր Մատենադարանում, քույրիկս էլ էր աշխատում Մատենադարանում։ Իրենք ծանոթ էին դեռ Լենինգրադից՝ քույրս այնտեղ սովորում էր համալսարանում, Լևոնը ասպիրանտ էր։ Էն ժամանակ թեթև ծանոթ էին, հետո քույրս եկավ, աշխատանքի ընդունվեց Մատենադարանում, ամուսինն էլ արևելագետ էր, ու մինչև 1988-ը բոլոր ծնունդներին հավաքվում էր հիմնականում արևելագետների, պատմաբանների կոլեկտիվ։ Եվ քանի որ քույրիկս ամուսնու հետ ապրում էր մեր տանը, ես էդ սեղանները բավականին հիշում եմ․ հասուն էի։ Լևոնը գալիս էր կնոջ հետ և երբեք չէր խոսում։ Շահեն Կարամանուկյանն էր, Վահան Փափազյանն էր՝ ասող-խոսող, անեկդոտներ պատմող, իսկ ինքը [Լևոն Տեր-Պետրոսյանը] միշտ աջ անկյունում էր նստում ու ձայն չէր հանում»։

Զարուհին իր ընտանիքում դարձել էր շարժման ամենաակտիվ մասնակիցն ու վավերագրողը։ Հայրը մեկ տարի առաջ ԱՄՆ-ից տեսախցիկ էր բերել։ Ավելի պատմական ու նշանավոր առիթով տեսախցիկը չէր կարող օգտագործվել։

Ինչ եղավ հետո

Ժողովրդի լիակատար աջակցությամբ իշխանության եկած Ղարբաղ կոմիտեն շատերին հիասթափեցրեց։ 1988-ին ձերբակալված Կոմիտեի անդամներին ոմանք սկսեցին կասկածվել ՊԱԿ-ի հետ համագործակցության մեջ։ «Հետո ես հասկացա, որ Կոմիտեի անդամներից մի քանիսը եղել է ոչ պաշտոնական գործակալ։ Ես գտել եմ հայրիկիս ձեռքով ճղած թղթի վրա գրված մի փոքրիկ նոթ՝ Ռաֆիկին (Ռաֆայել Ղազարյան՝ Ղարաբաղ կոմիտեի անդամ)։ Գրում էր՝ էս ինչ մարդը մեր մեջ ներդրված գործակալ է»։ Այս ենթադրությունները թույլ փաստարկելի էին և նույնքան աղոտ, որքան «գործակցություն» եզրույթի սահմանումը։ Մեղադրանքներից շատերը անձնական հակակրանքի վրա էին հիմնված։

Զարուհի Մուրադյանն ասում է. «Հայրս Ղարաբաղ կոմիտեի անդամ չդարձավ։ Գուցե որովհետև պատգմավոր էր ու կապող օղակ էր նախկին իշխանության հետ։ Կյանքի վերջում նա մեծ ցավով ասաց, որ անկախ Հայաստանն այնպիսին չստացվեց, ինչպիսին ինքն էր երազում։ Ասաց՝ հավանաբար միշտ էսպիսինն ենք եղել, դրա համար էլ հայրենիք չունենք, վախենամ՝ սա էլ կորցնենք»։

Այնուամենայնիվ, 90-ականների քաղաքական կամայականությունների խորհրդանիշը դարձան 1995-ի ու 1996-ի ընտրությունները։ «1996-ին, անկեղծ խոստովանեմ, վախենալու էր։ Մարդկանց վախեցնելու համար պայթուցիկներ էին նետում։ Ամուսնուս գտա Գրողների միության շենքում․ լրիվ թրջված էր, ձայնը՝ խզված։ Երևանի փողոցներում նորից տանկեր հայտնվեցին։ Այս անգամ ավտոմատավորները հայեր էին»,- ասում է Զարուհին։

Կարդացեք նաև՝

Խորհրդային դիսիդենտների պատմությունից․ Ազատ Արշակյան

Հայ այլախոհների պատմությունից․ Արսեն Ղազարյան

Հայ այլախոհների պատմությունից․ Պարույր Հայրիկյան

1988-ի շարժումը․ ուսանողական հիշողություններ

Պերեստրոյկա, բնապահպանություն և Ղարաբաղյան շարժում․ Տիգրան Պասկևիչյանի հուշերից

Մեր ամբողջ կենսագրությունը զրոյացավ․ Աննա Իսրայելյանի հուշերը 1988-ի և հետագայի մասին

Հայ այլախոհներ․ Վարդան Հարությունյան

Տուգանքը, որ հանրությունը ստիպված էր մուծել 1995-96-ի համար․ Վահե Վարսանյանի հուշերը 1990-ականների մասին

Մեկնաբանել