Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են նախագահական ընտրությունները

Նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է 2018-ին Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ։ Լուսանկարը՝ president.az-ի:

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները որոշել են բոյկոտել փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները՝ պատճառաբանելով բռնաճնշումները և երկրում ժողովրդավարական միջավայրի բացակայությունը:

Շաբաթ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու փետրվարին նշանակված արտահերթ ընտրություններին` պատճառաբանելով Ադրբեջանում առկա «բռնաճնշումների, զանգվածային ձերբակալությունների և վախի մթնոլորտը»։

«[Նախագահ] Իլհամ Ալիևի կողմից 2024-ի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ ընտրությունները ոչ թե իրական ընտրություններ, այլ ընտրական շոու են լինելու։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը մտադիր չէ մասնակցել այս բեմադրությանը»,- հայտարարել է կուսակցությունը՝ կողմնակիցներին կոչ անելով «բոյկոտել այս կեղծ ընտրությունները»։

Նախօրեին «Մուսավաթ» կուսակցությունը նույնպես խոստացել է բոյկոտել ընտրությունները՝ հայտարարելով, որ ընտրությունների մասին Ալիևի «հանկարծակի հայտարարությունը» տեղի է ունեցել «առանց հանրային քննարկման»։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Մուսավաթի» նախագահ Արիֆ Հաջիլին ասել է, որ կառավարությունը «Մուսավաթին» թույլ չի տվել ընտրություններում գրանցել նախագահի իրենց թեկնածուին։

«Սա կասկածի տակ է դնում ընտրությունների օբյեկտիվությունը,- ասել է Հաջիլին։- Մենք խնդրել ենք, որ երբ հայտարարվեն ընտրությունները, որոշակի մեղմացումներ լինեն, քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, ապահովվի ազատ հավաքներ, խոսքի և արտահայտվելու ազատություն։ Սակայն Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերը ցույց տվեցին, որ նրանք չեն պատրաստվում որևէ դրական տեղաշարժ իրականացնել»։

Անցյալ շաբաթ Ադրբեջանի ոստիկանությունը խարդախության մեղադրանքով ձերբակալել էր «Մուսավաթի» հայտնի անդամ Թոֆիգ Յաղուբլուին: Նա քաղաքական հերթական ակտիվիստն է, որը կալանավորվել է Ադրբեջանի կողմից լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ վերջին բռնաճնշումների ընթացքում:

Նոյեմբերից սկսած Ադրբեջանում ձերբակալել են AbzasMedia-ի չորս անդամների՝ մաքսանենգ ճանապարհով արտարժույթ ներմուծելու մեղադրանքով, Kanal 13-ի երկու անդամների և Kanal 11-ի տնօրենին։

Թեև «Մուսավաթը» և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտարարել են, որ բոյկոտում են առաջիկա ընտրությունները, արտահերթ ընտրությունների հայտարարումից հետո իրենց թեկնածությունն է ներկայացրել յոթ անձ, այդ թվում՝ նախագահ Ալիևը։

Ալիևի դեմ պայքարում են անկախ քաղաքական գործիչ Զահիդ Օրուջը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը, Ազգային ճակատ կուսակցությունից Ռազի Նուրուլաևը, Մեծ կարգ կուսակցությունից Ֆազիլ Մուստաֆան, Մեծ Ադրբեջան կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ֆուադ Ալիևը։

Դեկտեմբերի սկզբին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2024-ի փետրվարի 7-ին՝ նախագահի պաշտոնում իր չորրորդ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Ադրբեջանում 2018-ի վերջին նախագահական և 2020-ի խորհրդարանական ընտրությունները նույնպես անցկացվել են նախատեսվածից շուտ, որի պատճառ իշխանությունները նշում են երկրում բարեփոխումների առաջընթացն արագացնելու համար արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ երկու ընտրություններից և ոչ մեկից հետո Ադրբեջանում հիմնարար բարեփոխումներ չեն իրականացվել։

Մեկնաբանել