2023-ի ամենամեծ ՍՈՒՏԸ. ընտրում եք դուք

2023 թվականին լրատվական դաշտը, սոցցանցերն ու համացանցը ողողվեցին սխալ, իրականությանը չհամապատասխանող և մոլորեցնող լուրերով ու հայտարարություններով։ Իշխանությունները, ընդդիմությունը, տարբեր քաղաքական և հանրային գործիչներ, լրատվամիջոցներ ու սոցցանցային «գործիչներ» տարվա ընթացքում հնչեցրին դիտավորյալ և ոչ դիտավորյալ պնդումներ և հայտարարություններ, որոնք աղավաղում էին իրականությունը և ազդեցություն ունենում հանրային կարծիքի վրա։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, իր ընթերցողներին այս տարի էլ առաջարկում է միասին որոշել, թե որն է 2023-ի տարվա սուտը։

Ըստ Ձեզ՝ ո՞րն է 2023-ի ամենամեծ սուտը

Ընտրեք մեր ներկայացրած տարբերակներից մեկը կամ առաջարկեք ձեր տարբերակը։

  1. Կառավարությունը հանձնառու է ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը

2021-ի օգոստոսին ՀՀ կառավարության ընդունած՝ 2021-2026թթ. ծրագրում ամրագրված էր՝ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Մինչդեռ, ՀՀ կառավարությունն ու իշխանությունները չկարողացան լուծել այս խնդիրը. Արցախը 2023-ի սեպտեմբերին հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, և ՀՀ կառավարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարց փաստացի այլևս չի դիտարկում՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։

  1. Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգությունը

Ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հաստատավելն ու առաքելության տեղակայումը անվտանգության որոշակի երաշխիք էր դիտվում Ադրբեջանի հարձակումներից և լայնածավալ պատերազմից։ ՀՀ ընդդիմությունը Արցախի էթնիկ զտումից օրեր առաջ հայտարարում էր, թե Ռուսաստանը Արցախի հզոր դաշնակիցն է։ Ռուս խաղաղապահները, մինչդեռ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունների, որևէ գործողություն չձեռնարկեցին Արցախն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու և էթնիկ զտում թույլ չտալու համար։

  1. Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրված «Բաստիոն» զրահամեքենաները թույլ պաշտպանված են

Երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան Հայաստանին է փոխանցում ավելի քան 20 «Բաստիոն» զրահամեքենա, լուրեր տարածվեցին, թե դրանք թույլ պաշտպանված են, և անգամ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան է հրաժարվել դրանցից։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնիսկ հայտարարեց, թե «Բաստիոնները» Ուկրաինայում ցույց են տվել բավական ցածր արդյունավետություն՝ իրական մարտական ​​պայմաններում։ Մինչդեռ, Ուկրաինան այս զրահամեքենաներից չի հրաժարվել, դրանք ռուս-ուկրաինական պատերազմում չեն օգտագործվել, որպեսզի ցույց տային իրենց անարդյունավետությունը։ Թույլ պաշտպանված լինելու մասին տեղեկություններն էլ անհիմն են։

Մեկնաբանել