Բիզնեսը հօգուտ Տիգրան Ավինյանի քարոզարշավի

Գևորգ Թոսունյան

Երևանի ավագանու ընտրությունների համար 2023-ի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցել է 1 000 անձ, ընդհանուր հավաքվել է 508 մլն դրամ։ ՍիվիլՆեթը ՔՊ-ից ստացել է դրամահավաքի մասնակիցների ցուցակն ու ուսումնասիրել ամենախոշոր նվիրատուներին։

Մենք դիտարկել ենք 1 մլն դրամից մինչև ամենաբարձր՝ 2,5 մլն դրամը նվիրատվություն տրամադրած անձանց։

Այդպիսի 185 անձ է ներկայացված ցանկում։ Նրանցից 26-ը անհատ ձեռնարկատերեր են, 92-ի մասով էլեկտրոնային ռեգիստրում կամ տվյալ չկար, կամ էլ նրանց տվյալներով մեկից ավելի անձինք էին, ուստի մենք որոշեցինք նրանց չներառել ցանկում՝ հասկանալով, որ հնարավոր է լինեն տարընկալումներ։

Նվիրատուներից 67-ը ներգրավված է տարբեր բիզնեսներում։ Այստեղ տեսնում ենք նաև ուշագրավ անուններ։

Այս ընկերությունների մեծ մասը հիմնադրվել է 2018-ից հետո։ Նրանց մեջ կան նաև շինարարության ոլորտում գործունեություն ծավալողներ։ Դրամահավաքին նվիրատվություն են կատարել «Բաս վոյաժ» և կառուցապատող «Առմա քոնսթրաքշն» ընկերությունները՝ այն դեպքում, երբ օրենքով արգելվում է իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների իրականացումը։ Նման դեպքում կուսակցությունը նվիրատվությունը փոխանցում է պետական բյուջե։ 2 մլն դրամ էլ Տիգրան Ավինյանին նվիրաբերել է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը, որը բաժնեմաս ունի երկու ընկերություններում, իսկ «Իրիգեյթ» ընկերությունում տնօրեն է։ Այս ընկերության ու Ավինյանների հողային գործարքներին ՍիվիլՆեթը նախկինում անդրադարձել է։

Շուրջ 5 մլն դրամ նվիրատվություն են ՔՊ-ին փոխանցել քույրեր Աշխեն և Վերգինե Մաթևոսյանները։ Նրանցից Վերգինեն շուրջ 4 տոկոս բաժնեմաս ունի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, իսկ Աշխենն այդ նույն ռեստորանի տնօրենն է։ «Վալենսիայի» մյուս բաժնետերը Խաչիկ Խաչատրյանն է, որի հետ քույրերը ներգրավված են այլ բիզնեսներում։

Կառուցապատողներից ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի շրջապատը ևս իր ներդրումն ունեցել է Ավինյանի դրամահավաքում։ Սամվել Ալեքսանյանի փեսան՝ Դավիթ Դավթյանը, նրան նվիրաբերել է 1 մլն դրամ։ Նա 2018-ին հիմնադրված, կառուցապատմամբ զբաղվող «Արմ կոնստրակտ» ընկերության միակ բաժնետերն է։

ՔՊ-ին 2,5 մլն դրամ է նվիրաբերել Զորիկ Սարգսյանը։ Նա բաժնեմասեր ունի մի քանի ընկերություններում, այդ թվում՝ 100% բաժնեմաս՝ «Ֆլակոն» ՍՊԸ-ում։ Գալստյանն այս ընկերության միակ բաժնետեր է դարձել 2021-ի հունիսից, դրանից երկու ամիս անց ընկերությունը սկսել է ակտիվ մասնակցել Երևանի քաղաքապետարանի գնումների մրցույթներին ու հաղթել։ Մասնավորապես, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ընկերության հետ 2021-ի օգոստոսից մինչև տարեվերջ հինգ պայմանագիր է կնքել, մեկը հաստոցների ձեռքբերման, մնացածը ճանապարհային (տեխնիկական) աղի գնման նպատակով։

Ավինյանի քարոզարշավի համար մեկ միլիոն դրամ է ներդրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախկին փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի որդին՝ Հայկը։ Նա նաև բաժնեմասեր ունի արևային կայանների շահագործմամբ զբաղվող ընկերություններում։

«Ջերմուկ գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը խոշոր նվիրատուներից է, Ավինյանի հաղթանակի համար նա ներդրել է 2,5 մլն դրամ։ Ի դեպ, այս ընկերությունն է կառուցում «Բյուրեղ» թաղամասը, որտեղ բնակարաններ են գնում իշխանության ներկայացուցիչները։

Այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդի նախագահն էր, ֆոնդը «Քեյ ընդ Ջի» ընկերության հետ համատեղ ելակի լայնածավալ արտադրության ծրագիր մեկնարկեց։ Այդ նպատակով ներդրվեց 960 մլն դրամ։ Այս ընկերությունը ծրագիրն իրականացնում էր համատեղ ստեղծված «Բերրիմաունթ» (Berrymount) ձեռնարկության հետ, որն այս պահին գործունեությունը դադարեցրել է։ «Քեյ ընդ Ջի» ընկերության և «Բերրիմաունթի» միակ բաժնետերը Դմիտրի Ալեքսեյենկոն է, որն էլ Ավինյանի դրամահավաքին տրամադրել է 1 մլն դրամ։ Ի դեպ, երբ Ավինյանը 2023-ի նոյեմբերին դուրս եկավ ֆոնդից, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրամանով չհաստատեց ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։


Նույնքան նվիրատվություն է իրականացրել բեռնափոխադրմամբ զբաղվող «Դան տրանս» ՍՊԸ-ի բաժնետեր Գագիկ Հայրապետյանի որդին՝ Դանիելը։

Խոշոր՝ 2,2 մլն դրամի նվիրատվություն է կատարել Հակոբ Կիրեղյանը, որի անունը գտնում ենք «Դիլի տրոպիկ» ընկերության բաժնետերերի ցանկում։ Այս ընկերության մասին մամուլը գրել էր նախորդ տարի, որ համայնքապետը էժան գներով հող էր վաճառել։ Ընկերությունը Դիլիջանում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցում։

Մեկնաբանել