ԱՄՆ-ն հետաքրքրված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Պետդեպ

ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում։ Այդ մասին հունվարի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և ջանասիրաբար աշխատելու ենք վերջնագծին հասնելու համար՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի (Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական – խմբ․) հետ համակարգմամբ»,- ասել է Պատելը։

Պետդեպարտամենտի փոխխոսնակը նշել է, որ նորություն չունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին։

***

Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, նշել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում «դրական ու կառուցողական» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։

Դեկտեմբերի 7-ին Երևանում Լուի Բոնոյի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական էր արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին