Վրաստանի խորհրդարանի խոսնակը USAID-ին մեղադրել է «կրոնական անհանդուրժողականությունը ֆինանսավորելու» մեջ

Շալվա Պապուաշվիլին։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) քննադատել է «վրաց եկեղեցու դեմ քարոզչությունը» և «կրոնական անհանդուրժողականությունը ֆինանսավորելու» մեջ։

Շալվա Պապուաշվիլին Վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ հարձակումների մեջ շաբաթ օրը մեղադրել է նաև «այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստներին» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Լելո» կուսակցություններին պատկանող լրատվամիջոցներին։

Պապուաշվիլին նկատի է ունեցել եկեղեցու հասցեին հնչեցված քննադատությունը առ այն, թե ինչպես է այն արձագանքել Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերի շուրջ ծագած սկանդալին։

Վրաստանի կառավարությունը հոկտեմբերին ևս քննադատել էր ԱՄՆ ՄԶԳ-ին՝ նրան մեղադրելով երկրում «անկարգություններ հրահրելու» և հեղաշրջում նախապատրաստող խմբերին վարժեցնելու մեջ։

Պապուաշվիլին առանձնահատուկ քննադատել էր Հանրային պաշտպանի գրասենյակին կից գործող Հանդուրժողականության կենտրոնի նախագահ Բեկա Մինդիաշվիլիին։ Վերջինիս նա մեղադրել էր «կրոնական անհանդուրժողականության, թշնամական հռետորաբանության և ատելության խոսք օգտագործելու մեջ»։

Այնուհետև Պապուաշվիլին իր քննադատությունն ուղղել է ԱՄՆ ՄԶԳ-ին, որը ֆինանսավորում է այդ կենտրոնին և հայտարարել, որ «ԱՄՆ ՄԶԳ-ն կրկին ու կրկին սկանդալների կիզակետում է»:

«Խորապես համոզված եմ, որ մեկ այլ երկրում կրոնական անհանդուրժողականության ֆինանսավորումը չի բխում ամերիկացի ժողովրդի շահերից»,- հավելել է նա։

Պապուաշվիլին ինստիտուցիոնալ այլ դոնորներին հորդորել է ստուգել, թե արդյոք իրենք ֆինանսավորում են «մարդու իրավունքների ոլորտում մեր ընդհանուր արժեքներին հակասող և հասարակության արմատականացմանն ուղղված» նախագծեր:

Նա նշել է, թե անհրաժեշտ է լրացուցիչ օրենսդրություն ունենալ նման իրավիճակներից խուսափելու համար՝ ակնհայտորեն հղում անելով անցյալ տարվա սկզբին օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու «Վրացական երազանք» կուսակցության չստացված փորձին:

Պապուաշվիլիի այս մեկնաբանությունները տագնապ են հարուցել Վրաստանի քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպությունների շրջանում։ Դրանցից տասը խորհրդարանի նախագահին մեղադրել են «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վերաակտիվացնելու» մեջ։

ԱՄՆ ՄԶԳ-ն արձագանքել է խորհրդարանի խոսնակին՝ նշելով, որ իրենք աշխատել են բազմաթիվ կազմակերպությունների հետ՝ աջակցելու Վրաստանում կրոնական հանդուրժողականությանը։

Պատասխանելով Պապուաշվիլիին՝ Հանդուրժողականության կենտրոնի նախագահ Բեկա Մինդիաշվիլին ուրբաթ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խոսնակի մեկնաբանությունները «բարձրաստիճան քաղաքական պաշտոնյայի էթիկայի կոպիտ խախտում են»։

«Խորհրդարանի նախագահը կոմպետենտ չէ կրոնական և աստվածաբանական բնույթի հարցեր քննարկելու և դրանց գնահատականներ տալու հարցում,- գրել է Մինդիաշվիլին։- Այս առումով եկեղեցուն «պաշտպանելու» նրա փորձը երեսպաշտություն է»։

Մինդիաշվիլին OC Media-ին ասել է, որ 2005-ից՝ Հանդուրժողականության կենտրոնի հիմնադրումից ի վեր, Վրաց ուղղափառ եկեղեցին պահանջել է փակել կենտրոնը:

«Նախկինում կառավարության կողմից հարձակումներ եղել են,- ասել է նա,- սակայն այժմ դա արմատական բնույթ է կրում, այս դեպքում՝ ուղղակիորեն խորհրդարանի խոսնակի կողմից, որը խորհրդարանի ամբիոնն օգտագործեց մեզ քննդատելու համար»:

«Մի կողմից՝ [սա] ծիծաղելի է և գրոտեսկային, իսկ մյուս կողմից՝ վկայում է պաթետիկ և բարոյական ցածրակետի մասին՝ այս դեպքում անմիջապես խորհրդարանի խոսնակի կողմից»։

Հանրային պաշտպանը մի կողմ է քաշվել

Վրաստանում քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ պաշտպանել են Մինդիաշվիլիին Պապուաշվիլիի հարձակումներից։

Կրոնների խորհուրդը, որը Վրաստանում գործող փոքրամասնությունների կրոնական միավորումների ֆորում է, երկուշաբթի վստահություն է հայտնել Մինդիաշվիլիին և հայտարարել, որ «ինչ վերաբերում է աստվածաբանական կամ եկեղեցական այս կամ այն իրադարձությունների մասին նրա հայտարարություններին, նույնիսկ եթե դրանք վիճելի և սուր են, դա նրա արտահայտվելու ազատությունն է որպես աստվածաբան»։

«Մենք անընդունելի ենք համարում պետության կողմից գրաքննությունը կամ գնահատականը, քանի որ նման միջամտությունը կարող է խոչընդոտել ժողովրդավարական գործընթացների բնականոն զարգացմանը»,- ասվում է հայտարարությունում։

Սակայն Հանրային պաշտպանի գրասենյակը, որին կից է գործում Հանդուրժողականության կենտրոնը, իրեն հեռու է պահել կենտրոնից և դրա աշխատանքից։

Կենտրոնի հասցեին հնչեցրած քննադատության ժամանակ Պապուաշվիլին նաև ասել է, թե կենտրոնը «ստվեր է գցում հանրային պաշտպանի ինստիտուտի վրա»։

Շաբաթ օրը հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ասել է, որ կենտրոնն իր գրասենյակի իրավասությունից դուրս է: Նա նաև քննադատել է Մինդիաշվիլիին՝ հայտարարելով, որ «երբ խոսքը վերաբերում է կրոնին, ես կարծում եմ, որ մարդիկ պետք է ավելի մեծ պատասխանատվություն և զգուշություն ցուցաբերեն»։

Մինդիաշվիլին OC Media-ին ասել է, որ թեև կենտրոնը գործնականում գործում է Հանրային պաշտպանի գրասենյակից անկախ, այն «Հանրային պաշտպանի գրասենյակի մասին» օրենքի շրջանակում է ստեղծվել՝ որպես դրա մաս: Օրենքը սահմանում է, որ հանրային պաշտպանն է որոշում իր գրասենյակին կից ստեղծված կենտրոնների գործունեության բոլոր ասպեկտները: