Հայաստանը ոչ նշանակալի առաջընթաց է ունեցել կոռուպցիայի ընկալման համաթվում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հրապարակած 2023-ի կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը մեկ միավորով բարելավել է ցուցանիշը 2022-ի համեմատ։ Այդ մասին հայտնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։

Հակակոռուպցիոն կազմակերպությունը բացատրում է՝ Հայաստանի այս մեկ միավորանոց առաջընթացը վիճակագրորեն նշանակալի չէ ու գտնվում է վիճակագրական շեղման սահմաններում։

«2018-ի թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանը (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների։ Սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով»,- նշվում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի Արևելյան Եվրոպայի ու Միջին Ասիայի տարածաշրջանների վերլուծության մեջ։

Միևնույն ժամանակ կազմակերպությունը շեշտում է՝ ՀՀ-ն դիմակայում է անվտանգության սպառնալիքների, բայց այնուամենայնիվ երկիրն ունի բավարար ներուժ՝ կոռուպցիան ավելի կառավարելի դարձնելու համար։

2022-ի կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 3 միավորով վատթարացրել էր դիրքերը։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկվում է 6 աղբյուրների հիման վրա։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, հունվարի 30-ին «Մեդիա կենտրոն»-ում խոսելով 2023-ի կոռուպցիայի ընկալման համաթվի մեկ միավորանոց աճի մասին, ասաց` Հայաստանը որոշակիորեն առաջընթաց գրանցած երկիր է 2018-2019 թվականներին, դրանից հետո աճը կանգ է առել. «Մեզ մոտ լուրջ աճ եղավ 2018-2019 թվականներին, վիճակը բավական լավացել էր, բավական հզոր արդյունք էր։ Հետո եղավ լճացում, հետո՝ անկում։ Հիմա մնաց այն վիճակին, ինչ անցյալ տարի էր, դա կարելի է կապել նաև կոնֆլիկտի հետ»,- պարզաբանեց Հոկտանյանը։

Մասնագետի խոսքով՝ այս ինդեքսը կապված է կոռուպցիայի նկատմամբ մարդկանց ընկալման հետ, որը որոշակիորեն կարող է լինել խաբուսիկ ու ունենա հոգեբանական գործոն, ինչպես եղել է Հայաստանի հետ 2018-19 թվականներին։

Հոկտանյանը հավելեց, որ կոռուպցիայի ընկալման իրավիճակը դեռ չի հասել նախահեղափոխական վիճակին, բայց ցուցանիշի վատթարացումը եղել է հեղափոխության սպասելիքների չարդարացման էֆեկտի արդյունքում․ «Պետք է լինի քաղաքական կամք, որ ընդունված օրենսդրական բազան կյանքի կոչվի։ Դա միայն ասելով չի լինի»։

Հոկտանյանը ներկայացրեց նաև Հարավային Կովկասի երկրների ցուցանիշները կոռուպցիայի ընկալման համաթվի շրջանակում. «Երբ գալիս ենք Հարավային Կովկաս, ինչպես և նախորդ տարներին՝ առաջին տեղում Վրաստանն է, հետո մենք, հետո Ադրբեջանը։ Անցած տարի Վրաստանը վիճակագրորեն զգալի՝ 3 միավոր նահանջ է ապրել»։

Աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթվի լավագույն ցուցանիշներն ունեն Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույն ցուցանիշները՝ Սոմալին, Վենեսուելան և Սիրիան։