Ալեն Սիմոնյանի կարծիքով` Հայաստանի օրհներգը և զինանշանը պետք է փոխվեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի օրհներգը և զինանշանը պետք է փոխվեն։ Այդ մասին խորհրդարանի ղեկավարը գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- ասված է Սիմոնյանի գրառման մեջ։

Ալեն Սիմոնյանը օրհներգի փոփոխության հարցը բարձրացրել էր նաև 2019 թվականին։ Այն ժամանակ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանն անգամ նոր օրհներգի տեքստի մրցույթ էր հայտարարել և ձևավորել էր աշխատանքային խումբ։

Զինանշանի փոփոխության մասին էլ 2023-ի հունիսին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյան տապանը, Արարատ լեռը 1991-ին հիմնած պետության հետ կապ չունեն։ Նույնը, Փաշինյանի կարծիքով, վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։