Երևանն արձագանքել է Հուլուսի Աքարի հայտարարությանը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի` Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը։

«Կարծում եմ, որ Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ (Հայաստան-Ադրբեջան – խմբ․) կարգավորման գործընթացում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը, դրական նշանակություն կունենա թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առոմով, թե՛ իր ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Կոստանյանը։

Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով․ «Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքներն արդեն իսկ պատրաստ են»։

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարը հունվարի 29-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում: