Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրությունում

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե-ֆակտո խաղաղություն է, երկու երկրների սահմանին մի քանի ամիս է ինչ հանգիստ է»: Այդ մասին փետրվարի 1-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միջխորհրդարանական դաշինքի գլխավոր քարտուղար Մարտին Չունքոնքուի հետ հանդիպմանը։
Ալիևը շեշտել է, որ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է կնքվի խախաղության պայմանագիր։
Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում։ Նա դրական է համարել թեմայի շուրջ Հայաստանում ծավալվող քննարկումները։
«Հայաստանի իրավական փաստաթղթերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ են առկա։ Բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։
***
Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։
Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։
https://civilnet.am/news/763282/%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%be%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d5%be-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%bd%d5%ab%d5%b4%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/Թեմա
Տեղադրություն
Civilnet










