Հայաստանի մշտական բնակչությունը 2024-ի հունվարի 1-ին կազմել է 2,99 մլն մարդ

Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավել է 53 հազարով:

Վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ ներառված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները․ «Ներառյալ մինչ 2024-ի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը»,- հայտնում են կոմիտեից:

Ընդ որում, աճել է թե քաղաքային, թե գյուղական բնակչությունը, սակայն Հայաստանի գյուղերում գրեթե երկու անգամ քիչ մարդ է ապրում, քան քաղաքներում: Այսպես, քաղաքային բնակչությունը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1,915 մլն մարդ, իսկ գյուղական բնակչությունը` 1,076 մլն մարդ: 2023-ի տարեսկզբի համեմատ ավելի քան 41 հազարով աճել է քաղաքային բնակչությունը, 12 հազարով` գյուղական բնակչությունը:

Համաձայն հրապարակված տվյալների, 2023-ին Հայաստանում ծնվել է 36 265 մարդ, մահացել է 24 305 մարդ: Նույն տարում գրանցվել է 16 207 ամուսնություն, իսկ ամուսնալուծությունների թիվը 4 525 է:

2023-ի հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110,7 տղա՝ 100 աղջկա հաշվով` 2022-ի 112,2-ի համեմատ:

Հայաստանից 2023-ին սահմանային անցակետերով դուրս է եկել 4 793 768 մարդ, այդ թվում ՀՀ փաստաթղթերով` 1 972 135, իսկ Հայաստան է ժամանել` 4 764 274 մարդ, այդ թվում ՀՀ փաստաթղթերով` 2 008 647: