Երևանի ավագանին մանդատից զրկեց Հայկ Մարությանին

Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ այժմ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անհնազանդության գործողություններ է կազմակերպելու տրանսպորտի թանկացման դեմ։ Այդ մասին նա հայտարարեց իրեն մանդատից զրկելու համար փետրվարի 7-ին գումարված Երևանի ավագանու նիստում։

«Տրանսպորտ թանկացնելը չի հաջողվելու, անգամ եթե որոշումն ավագանու նիստում անցկացվի, այն չի կարողանալու իրականություն դարձնել։ Երևանցին դա թույլ չի տալու, այդ «ռեֆորմը» չեք մարսելու, դա ես խոսք եմ տալիս։ Դիմելու ենք անհնազանդության բոլոր գործիքներին այնպես, ինչպես «150 դրամների» պայքարի ժամանակ։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին հիմա էլ գան միանան ընդվզմանը։ Հիմա չնայած իրենք կարող են գալ իրենց S դասի Mercedes-երով ու BMW-երով»,- հայտարարեց Մարությանը։

Նիստերից բացակայելու հիմքով իրեն ավագանու մանդատից զրկելը Մարությանը որակեց քաղաքական հաշվեհարդար․ «Սա փորձ է զրկելու ընդդիմությանը պայքարի հարթակից: Ձեզ թվում է, որ դո՞ւք եք իմ գործատուն, իմ գործատուն իմ ընտրողներն են»,- ասաց նա։

Դիմելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ նախկին քաղաքապետն ասաց՝ կուսակցության «գնացքը գնացել է». «Գոռացել եք՝ Արցախը Հայաստան է, բայց հիմա վախենում եք Արցախ անունը տալ, գոռացել եք ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց թանկացումներ եք բերել, գոռացել եք ժողովրդավարության բաստիոն, բայց տեղական ինքնակառավարման մարմինների հերն եք անիծել, բազմաթիվ օրինակներ կան։ Գոռացել եք խաղաղության դարաշրջան, բայց բոլորիս հասցրել գոյաբանական վտանգի առաջ»,- հայտարարեց Մարությանը։

Փետրվարի 7-ին Երևանի ավագանին գումարել է արտահերթ նիստ՝ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» դաշինքից Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին մանդատներից զրկելու օրակարգով՝ բացակայություների հիմնավորմամբ։ Նիստը կարող էր տապալվել, այն բոյկոտելու կոչ էին արել Մարությանի «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ը, սակայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Վահե Եսայանն ու Վահան Ավագյանը ապահովել են քվորում ու նպաստել որոշման կայացմանը։ «Հանրային ձայն»-ի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը երևանցիներին կոչ է արել սեռական ոտնձգություններ կատարել Ավագյանի ու Եսայանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատամբ։ Իր սոցիալական մեդիայի էջերում Ղուկասյանը հրապարակել է «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Վահան Ավագյանի ու Վահե Եսայանի ընտանիքի անդամների լուսանկարներն ու հասցնեերը։

34 կողմ, 0 դեմ ձայներով Երևանի ավագանին դադարեցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանը հայտարարեց, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի վարչապետի թեկնածու․ «Կունենանք կուսակցություն և անպայման կմասնակցի ՀՀ բոլոր կարևոր քաղաքական գործընթացներին։ Անպայման պատրաստվելու ենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին և ես առաջադրվելու եմ որպես թեկնածու»։

Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստում քննարկելու է ավտոբուսային փոխադրումների ուղևարձը թանկացնելու հարցը։ Քաղաքային իշխանությունները Երևանում տրանսպորտից օգտվելու համար առաջարկում են 17 սակագնային փաթեթ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Ընդունման դեպքում առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024-ի սեպտեմբերի 1-ից։