Կուսության ստուգումը կարգելվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության մասին օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը, նշում են նախագծի հեղինակներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը

Ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին և քննարկվող օրինագիծն առաջին մեծ նախաձեռնությունն է օրենքի կիրարկումից հետո, որն անդրադառնում է ի հայտ եկած բացերին և խնդիրներին․ «Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով, օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Առաջարկվում է առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով, սահմանել ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունների մեջ է ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: Ըստ նրա ՝ արդյունավետ պայքարներից մեկն էլ օրենսդրական պատշաճ գործիքակազմ ապահովելն է:

Համաձայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2021-ին արձանագրվել է ընտանեկան բռնության 1 644 դեպք, իսկ 2023-ին՝ 1 819 դեպք: Նախորդ տարի 14 կին է մահացել ընտանիքում տեղի ունեցած բռնության հետևանքով։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեմ են քվեարկելու նախագծին՝ ձևակերպումների պատճառով։ Ըստ նրա՝ հարցն արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

Նախագծով բռնության տեսակ է համարվում նաև կուսության ստուգումը: «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է․ «Դուք ֆիքսում եք կուսության ստուգումը որպես հանցագործություն և դրա համար նախատեսում պատժամիջոց: Ես որևէ կերպ դա չեմ կարող ընդունել որպես դրական գործողություն: Բայց դա նաև շատ խիստ մշակութային խնդիր է: Բայց ինձ կրկին հետաքրքրում է իրավական որոշակիություն: Դատապաշտպանը ինչպես պետք է ապացուցի, որ չի կատարվել կուսության ստուգում, ի՞նչ մեխանիզմներ են աշխատելու»։

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը պատասխանել է՝ թե ինչպես դատապաշտպանը պետք է ապացուցի, ավելի շատ նրա խնդիրն է, իրենք գործիքն են տալիս: