Փաշինյանը՝ խոշոր ընկերություններում պետությանը բաժնետոմսեր նվիրելու մասին

«Հայաստանի մի շարք խոշոր ընկերություններում պետության կողմից բաժնեմաս ստանալու շուրջ դավադրությունները խելագար տրամաբանություն են», խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի ժամանակ պետության գույքն էր անհատույց տրվում, հիմա պետությանն է տրվում»,- ասաց Փաշինյանը։

Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ «ՄՏՍ-Հայաստանի» վաճառքից հետո դրա բաժնետոմսերի 20 տոկոսն անցնում է պետությանը, ինչպե՞ս է ստացվում, որ Զանգեզուրի պղնձաոլիբդդենայինում է պետությունը 15 տոկոս բաժնետոմսերի նվիրատվություն ստանում և ինչու՞ է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շարունակության դիմաց կառավարությունը հանքում բաժնեմաս ստանում․ «Դրանք բիզնես տրամաբանությանը չհամապատասխանող միտումներ են, ո՞րն է շքեղ նվիրատվությունների թաքուն շարժառիթը, ի՞նչ պարտավորություններ եք ստանձնել, որ հանրությունը չգիտի»,- հարցրեց Թադևոսյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ մոռացե՞լ են թե ինչպես է սեփականաշնորհվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Ոչ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել։ Երբ եկել է նոր սեփականատեր, հասկանալով այդ ընկերության լեգիտիմության հետ կապված խորը պրոբլեմներն ասել է՝ ես չեմ ուզում ներքին բախում ունենալ, ես չեմ ուզում պատմության բեռը կիսել իմ բիզնես հեղինակության հաշվին։ Կառավարություն, ես ուզում եմ իմ կողքը կանգնես, որ բոլորը տեսնեն՝ ես երկրից տանող չեմ, բերող եմ»,- պատասխանեց վարչապետը։

Նա հայտարարեց՝ հեռահաղորդակցության ոլորտում կան մարդիկ, որ մտածում են՝ «սա իմն է, նա էլ է իմը, թողեք այս մեկն էլ իմը լինի»։