Թափառող կենդանիներից տուժելու դեպքերն ավելանում են, ստերջացման մրցույթները հաճախ չեն կայանում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը Ազգային ժողովում hունվարի 26-ին «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ խոսել էր առկա խնդիրների մասին՝ ներկայացնելով տվյալներ թափառող կենդանիների ստերջացման աշխատանքների վերաբերյալ Հայաստանի մարզերում և Երևանում։

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ որ մարզերում է կենդանիների ստերջացում իրականացվում, ինչպես նաև ձեռք է բերել տվյալներ, թե վերջին տարիներին թափառող կենդանիներից տուժելու հետևանքով բուժօգնության դիմելու քանի դեպք է եղել և հակառակը՝ քաղաքացիների կողմից թափառող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու քանի դեպք է արձանագրվել։

Քաղաքացիների՝ թափառող կենդանիներից տուժելու հետևանքով բուժօգնության դիմելու դեպքերն ավելանում են

Եթե 2019-ին թափառող կենդանիների կողմից տուժելու կապակցությամբ բուժօգնության է դիմել 1 602 քաղաքացի, ապա 2023-ին դիմածների թիվը հասել է 3 916-ի՝ կրկնակի շատ։

Չնայած ահազանգերի աճին՝ թափառող կենդանիների ստերջացում ամբողջությամբ իրականացվում է միայն Տավուշի, Արմավիրի մարզերում և Երևանում։

Աշխատանքային քննարկման ժամանակ Ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ մի շարք մարզերում և համայնքներում կենդանիների ստերջացման համար մրցույթներ չեն հայտարարվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, իսկ որոշ մարզերում և համայնքներում հակառակն է տեղի ունեցել՝ հայտարարվել է մրցույթ, սակայն մասնակիցներ չեն եղել։

Քիչ չեն նաև մարդկանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերը թափառող կենդանիների նկատմամբ։ Համացանցում պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվում տուժած կենդանիների վերաբերյալ, մինչդեռ քիչ դեպքերում է քրեական գործ հարուցվում։ 2023-ին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 45 հանցագործություն, քննության արդյունքում դրանցից ոչ մեկը չի ուղարկվել դատարան։