Միջին աշխատավարձը 2018-ից «85, 90, 100 տոկոսով» չի աճել ․ Փաշինյանի պնդումը մոլորեցնող է

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 25-ի նիստին, անդրադառնալով Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի ու աշխատավարձերի աճին, հայտարարեց, որ 2018-ի մայիսի համեմատ 2023-ի դեկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը աճել է 179 741 դրամով (101 տոկոսով)՝ հասնելով 356 180-ի։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արձագանքեց՝ պարզաբանելով, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձի ցուցանիշները կարող են միջինից բարձր լինել՝ տարվերջին տրվող պարգևավճարների հաշվին, և ավելի ճիշտ է համեմատել նույն ամիսների ցուցանիշները՝ 2018-ի դեկտեմբերը 2023-ի դեկտեմբերի հետ։

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Հաջորդ առիթի դեպքում հրապարակային կնայենք նաև 2023-ի դեկտեմբերը 2018-ի դեկտեմբերի նկատմամբ։ Ոչ մի կասկած չունեմ, որ էլի մոտավորապես 90-ից 100-ի սահմաններում է լինելու (աճը – խմբ․)․․․ կամ նունիսկ եթե 85 լինի, էլի կասկած չունեմ, որ գործ ունենք էական թվերի հետ»։

#CivilNetCheck-ը ստուգել է 2018-ից 2023 ժամանակահատվածում աշխատավարձերի վիճակագրությունը ու պարզել, որ թեև միջին ամսական աշխատավարձերն իսկապես աճել են, սակայն 85, 90, 100 տոկոս աճի մասին Փաշինյանի պնդումները չափազանցություն են։

Ինչքանո՞վ են աճել միջին աշխատավարձն ու աշխատատեղերի թիվը

Կառավարության հաջորդ նիստին Փաշինյանն այլևս չի անդրադարձել աշխատավարձերի թեմային, սակայն Վիճակագրական կոմիտեն փետրվարի 5-ին հրապարակել է 2023-ի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալները, որտեղ ներկայացված են նաև աշխատավարձերի ցուցանիշները։

Ըստ Վիճկոմիտեի՝ 2023-ի դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 333 162 դրամ, ոչ թե 356 180, ինչպես Փաշինյանն է հայտարարել, իսկ տարեկան միջին աշխատավարձը՝ 274 066 դրամ։ 2018-ի դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 213 119 դրամ, իսկ տարեկան միջինը՝ 172 727։ Այսինքն՝ 2018-ի դեկտեմբերի համեմատ 2023-ի նույն ամսին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը աճել է 120 043 դրամով կամ 56,33%-ով, իսկ տարեկան միջինը՝ 101 339 դրամով կամ 59%-ով։

2018-ից մինչ օրս միջին ամսական աշխատավարձի ամենակտրուկ աճը գրանցվել է 2022-ի դեկտեմբերին՝ 2021-ի դեկտեմբերի 255 663-ից հասնելով 309 080 դրամի։

Աշխատողների թվաքանակի մասին

Կառավարության նիստին Փաշինյանն ընդգծել է, որ գրանցվել է նաև աշխատատեղերի աճ՝ նշելով, որ 2023-ի դեկտեմբերին աշխատողների թիվը 2018-ի մայիսից ավելի է 193 737-ով։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, սակայն, աշխատողների թվաքանակը նույնիսկ ավելի շատ է աճել, քան Փաշինյանն է նշել։ Եթե 2018-ի մայիսին Հայաստանում կար 522 298 գրանցված աշխատող, ապա 2023-ի դեկտեմբերին՝ 745 207։ Այսինքն՝ 2018-ի մայիսի համեմատ 2023-ի դեկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 222 909-ով կամ 43%-ով։

Այսպիսով, 2023-ի դեկտեմբերին 2018-ի նույն ամսվա համեմատ Հայաստանում միջին աշխատավարձը իսկապել աճել է, սակայն 56%-ով և ոչ թե 85, 90, 100%-ով, ինչպես պնդել է Փաշինյանը։ Իսկ գրանցված աշխատատեղերի թիվը աճել է 43%-ով։