Հանրային տրանսպորտի առաջարկվող փաթեթներ՝ Երևանում․ համեմատություն այլ մայրաքաղաքների հետ

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Երևանի քաղաքային իշխանությունները փետրվարի 5-ին ներկայացրին հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության նախագիծ: Դրանով առաջարկվում է 2024-ի սեպտեմբերից տրանսպորտի սակագինը էապես բարձրացնել՝ սահմանելով տարբեր սակագնային փաթեթներ։

Փետրվարի 9-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, թե քաղաքապետին առաջարկել է հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար։

Սակայն նախագիծը պաշտոնապես չի հետաձգվել, և այն դեռ ընդգրկված է քաղաքապետարանի կայքում հրապարակված ավագանու առաջիկա նիստի օրակարգում։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է մի շարք քաղաքների տրանսպորտի ամսական ու տարեկան փաթեթների սակագները՝ համեմատելով Երևանի քաղաքապետարանի առաջարկած գնացուցակի հետ։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

Նոր նախագծով նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտով ուղևորության արժեքը սահմանել բացառապես սակագնային փաթեթներով։ Գործող 100 դրամ սակագինը ոչ միայն բարձրանում է, այլև փաթեթներով սահմանվում են ուղևորությունների առավելագույն քանակ և աբոնեմենտային քարտի ակտիվացման վերջնաժամկետ։ Մեկանգամյա տոմսի հնարավորություն առհասարակ չի նախատեսվում։

30-օրյա ու 90-օրյա փաթեթների դեպքում (60 և 180 ուղևորություն) փաստացի նախատեսվել է օրական երկու ուղևորություն: Ստացվում է, որ օրական երկուսից ավել անգամ հանրային տրասպորտից օգտվելու դեպքում փաթեթը ժամկետից շուտ կսպառվի և հետագայում անհրաժեշտ կլինի նորից մեկ այլ փաթեթ ձեռք բերել։

Տրանսպորտի սակագներն ու աշխատավարձերն այլ մայրաքաղաքներում

Ուսումնասիրված այլ մայրաքաղաքներում տրանսպորտի սակագնային փաթեթների արժեքը գրեթե նույնքան է, որքան նախագծով Երևանում առաջարկվող տրանսպորտի սակագները, իսկ ուղևորությունների քանակը անսահմանափակ է։ Միևնույն ժամանակ, այդ քաղաքների բնակիչների միջին անվանական աշխատավարձը կրկնակի ավել է Երևանի բնակիչների աշխատավարձերից։

Երևանում միջին ամսական աշխատավարձը 2023-ի երրորդ եռամսյակին կազմել է 301 610 դրամ։ Երևանի ցուցանիշներին մոտ է միայն Թբիլիսին, որտեղ 2023-ի երրորդ եռամսյակին միջին աշխատավարձը 2 160 լարի կամ մոտ 330 000 դրամ է։ Մինչդեռ ուղեվարձի ամսական փաթեթը գրեթե կրկնակի էժան է Երևանում առաջարկվողից, իսկ տարեկանը՝ եռակի էժան ու անսասհմանափակ ուղևորություններով։

Մի շարք այլ մայրաքաղաքների հանրային տրանսպորտի սակագներ

Վերոնշյալ բոլոր քաղաքներում փաթեթները ներառում են անսահմանափակ քանակի ուղևորություններ։ Օրինակ՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ամսական փաթեթը 51 եվրո է կամ 22 241 դրամ, տարեկանը՝ 365 եվրո կամ մոտ 160 000 դրամ։

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տարեկան փաթեթն արժե 300 եվրո կամ 130 832 դրամ, իսկ ամսականը՝ 32 եվրո կամ 13 955 դրամ։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տարեկան փաթեթը նույնպես արժե 25 000 սերբական դինար կամ 130 832 դրամ, իսկ ամսականը՝ 3 500 դինար կամ 13 000 դրամ։

Իսկ Բուխարեստում համեմատաբար ավելի էժան է․ ամսական փաթեթը 140 ռոմանական լեյ է կամ 7 000 դրամ, իսկ տարեկանը՝ 1 200 լեյ կամ 61 000 դրամ։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հանրային տրանսպորտի ամսական անսահմանափակ փաթեթը կազմում է 550 չեխական կրոն կամ մոտ 64 000 դրամ, իսկ տարեկանը՝ 3 650 կրոն կամ 9 600 դրամ՝ կրկին անսահմանափակ ուղևորություններով:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տարեկան անսահմանափակ փաթեթը 250 եվրո է (109 000 դրամ), իսկ ամսականը՝ 37 եվրո (16 000 դրամ)։

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տրանսպորտի ամսական տոմսը 29 եվրո կամ մոտ 13 000 դրամ է, իսկ տարեկան փաթեթը՝ 310 եվրո կամ մոտ 130 000 դրամ:

Մոսկվայում հասարակական տրանսպորտի ամսական փաթեթն արժե 12 120 դրամ, իսկ տարեկանը՝ 86 580։

Հարևան Թբիլիսիում ամսական տոմսը մոտ 6 000 դրամ է, տարեկանը՝ 38 000 դրամ։