Փաշինյանն առաջարկում է, որ արտագնա աշխատողներն «իրենք իրենց համար ճանապարհներ սարքեն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, որ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ցույց էին անում՝ արտագնա աշխատողներին հարկելու կառավարության մտադրության դեմ։

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինի այդպես։ Մենք՝ բոլորս, պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի։ Մեր սիրելի արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները որտեղի՞ց են մեկնում։ Օդանավակայանից, չէ՞։ Ինչպե՞ս են գնում-հասնում օդանավակայան։ Ճանապարհով, չէ՞։ էդ ճանապարհը բա ո՞վ է կառուցում, ո՞նց է կառուցվում։ Կառուցվում է վճարած հարկերի միջոցով»,- կառավարության փետրվարի 23-ի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Բա որ Հայաստանում աշխատողներն ասեն՝ մի րոպե, մենք ինչո՞ւ պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի մարդկանց համար, ովքեր գնում են օդանավակայան, մեկնում արտագնա աշխատանքի։ Ինչի՞ պետք է իրենք մեր հաշվին ստեղծած ճանապարհով երթևեկեն, թող արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց համար ճանապարհներ սարքեն, այդ ճանապարհներով գնան»,- շարունակեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Գեղարքունիքի բնակիչները պետք է նկատած լինեն իրենց համայնքներում կառուցվող ճանապարհները, դպրոցները, մանկապարտեզները․ «Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են, պետք է որ նկատած լինեն նույն Գեղարքունիքի մարզի ճանապարհները էն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ։ 2018-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել։ Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են, թե այս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում»։

Փաշինյանը հերթով թվարկեց, թե Մարտունու համայնքներում ինչ ծավալի աշխատանքներ են արել․ «Լրիվ կարդա՞մ, թե՞ չկարդամ։ Որ կարդամ, նիստը կավարտվի, որովհետև 148 ծրագիր է, որ ավարտված է»։ Ըստ նրա՝ Մարտունիում բոլոր ծառայություններից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքի անդամները։

***

Փետրվարի 21-ին մարտունեցիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը, նրանք բողոքում էին ստացված ծանուցումներից, ըստ որի՝ արտագնա աշխատանքի գնացողները պետք է հարկվեն։

Բողոքի ցույցի հաջորդ օրը Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Կառույցում նշել են, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների համապատասխան նախագիծ։ Մինչև օրենսդրական կարգավորումների մշակումը, ՊԵԿ-ը հայտնել է, որ ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն։

Մեկնաբանել