Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարում նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ իշխանությունների մտադրությանը։

«Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։ Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։ Արձանագրվեց, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։

Գերագույն հոգևոր խորհրդը քննարկել է Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումները, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը։

«Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգևոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը»,- ասված է հայտարարությունում։

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի որդեգրած Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։ Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։

Ժողովի արդյունքներով արձանագրվել է, որ եկեղեցի-պետություն «ոչ բնականոն հարաբերությունների պատճառով լուծման կարոտ են մնացել ազգային-հոգևոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ», որոնք առնչվում են օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության ոլորտներին։

Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է արտահայտել, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները․ «Մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձևախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից»։

«Քննության առնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները Խորհուրդը խիստ կարևորությամբ ընդգծեց, որ օրենքում առաջարկվող հավելումները չպետք է հակասեն մեր ժողովրդի՝ ընտանիքի նվիրական պատկերացումներին ու քրիստոնեական ընկալումներին և չպետք է տեղիք տան մերժելի տարընկալումների»,- ասված է հաղորդագրությունում։

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։

Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել