Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել

Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել, որը կուղարկվի խորհրդարան վավերացնելու համար։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում։

2018-ին Հայաստանը Հունաստանին առաջարկել է համաձայնագիր կնքել ռազմատեխնիկական համագործակցության հարցերով, իսկ 2023-ի դեկտեմբերի 14-ին այն ստորագրվել է Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարների միջև։

Համաձայնագրով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը մարտի 4-ին պաշտոնական այցով Երևանում էր։ Նա Հայաստանի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվել էր նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

Մեկնաբանել