Արցախցիների բնակարանային խնդիրը․ ի՞նչ է պետք և ի՞նչ է նախատեսվում

կա լվացք, կա կյանք

Հայկ Ղազարյան

Տուն կա, բայց աշխատանք չկա

Արցախից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ծրագիրը մշակման նախնական փուլում է, վերջնական որոշումներ կկայացնեն՝ լսելով տարբեր կարծիքներ։ Մարտի 12-ի ասուլիսին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի հետ զրույցում ասել էր, որ աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։ Փաշինյանն ասաց, որ 3 մլն դրամը դիտարկել են ու դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են ավելանալ գործակիցներ, օրինակ՝ կոնկրետ իրադրությունը, բազմազավակությունը, զոհված հարազատի և բնակության վայրի հանգամանքները։ Ինչ կարո՞ղ են ակնկալել Արցախից տեղահանվածները Հայաստանի կառավարությունից։

Արցախից բռնի տեղահանված Տիգրան Գաբրիելյանի հինգ հոգանոց ընտանիքի համար 15 մլն դրամը հազիվ հերիքի հեռավոր մի բնակավայրում բնակարան գնելուն։

«Երևանում, Երևանին մոտ քաղաքներում՝ Աբովյանում կամ Էջմիածնում, հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։ Ընդհանրապես, այդ գումարը շատ փոքր է անշարժ գույք ձեռք բերելու համար։ Իսկ հեռավոր բնակավայրերում կա աշխատանքի խնդիրմ»,- ասում է Տիգրանը, որը երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտում՝ «Արցախէներգո» ընկերությունում։

Նա ասում է, որ քաղաքային կյանքին սովոր ստեփանակերտցիների համար հեշտ չէ տեղափոխվել գյուղ և գյուղատնտեսությամբ զբաղվել։


Ըստ փոխվարչապետի՝ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 25 000 ընտանիք կա, որոնցից յուրաքանչյուրի հաշվով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն՝ 18 մլն դրամ։

«Առաջին հայացքից էլ պարզ է՝ ֆինանսական աջակցության չափը չի բավականացնելու, եթե գնումը կատարվի Երևանում։ Մեծամասամբ չի բավականացնելու։ Իրականում աջակցում ենք, որ ընտանիքը բնակարան գնելու հնարավորություն ստանա, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում։ 15-18 մլն դրամի արժեքում բնակարանները հասանելի են մյուս բնակավայրերում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միայն չորս քաղաք է եղել, որ քառակուսի մետրի հաշվով գինը 200 000 դրամը գերազանցում է։ Դա Աբովյանն է, Դիլիջանը, Ծաղկաձորն ու Էջմիածինը։ Մյուս բնակավայրերում քառակուսի մետրը 200 000 դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր աջակցությունը բավարարելու է բոլոր նման բնակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար»,- ասում է փոխվարչապետը։

Խոսակցություն կա, որ 3 մլն դրամը որոշվել է հետևյալ բանաձևով․ մարզերի քաղաքային բնակարանների մեծամասնության քառակուսի մետրի չի գերազանցում 200 000 դրամը։ Յուրաքանչյուր անձի համար նախատեսել են 15 քմ, հետևաբար` 15 X 200 000 = 3 մլն դրամ։

Հայաստանի կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծությունն իսկապես ցույց է տալիս, որ 2023-ին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական

միջինացված գներով 1 քմ-ի համար 200 000 դրամը ավելի է Տիգրան Խաչատրյանի նշած բնակավայրերում։ Իսկ Վիճակագրական կոմիտեի՝ 2023-ի դեկտեմբերի տվյալներով՝ Մասիսում ու Եղվարդում ևս բնկարանները այդ 200 000 դրամ գնից թանկ են եղել։

Մտավախություն բնակարանների թանկացման և բնակչությունների փոխարինման շուրջ

Կադաստրի կոմիտեի վերլուծության համաձայն՝ 2023-ին մարզային քաղաքներում բազմաբնակարան շենքերում քմ-ի միջին գները 2022-ի համեմատ աճել են 13,4%-ով: Արցախցիները մտավախություն ունեն, որ այս միտումը կշարունակվի նաև 2024-ին, հատկապես, երբ այս ծրագրի մեկնարկից հետո, երբ պահանջարկը կտրուկ մեծանա։

2023-ի դեկտեմբերի տվյալներով՝ բնակարանի քմ-ն գերազանցել է 190 000 դրամը Աշտարակում, Արտաշատում, Նոր Հաճընում, Գորիսում և Դիլիջանում։

«Այս ծրագրի ամենավտանգավոր կողմն այն է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղի բնակիչների ոչ իրացվելի գույքը դառնալու է իրացվելի, և այդ բնակինչերը վաճառելու են իրենց տները։ Լավագույն դեպքում նրանք գալու են Երևան, վատագույն դեպքում՝ արտագաղթելու են, և նրանց այնտեղ փոխարինվելու են բռնի տեղահանված արցախցիները»,- ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

Խանումյանը կարծում է, որ մարզերի բնակչությանը պետք է ապահովել կացարանների ապահովման ծրագրով, որը պետք է զուգակցվի լիզինգով ընտանեկան տնտեսությունների զարգացմամբ։

Ի՞նչ են անելու փոքր ընտանիքները

Մարտի 6-ին արցախյան 32 կազմակերպություն հայտարարեց «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնության» մեկնարկի մասին և 13 առաջարկ ներկայացրեց ՀՀ կառավարությանը։ Կետերից մեկով, օրինակ, առաջարկվում է յուրաքանչյուր անձի հաշվով հատկացնել բազային 5 մլն դրամ, ինչը «համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին»։

«Եթե տան գումարի 50 տոկոսը կա, մտածում ես, որ արժե այստեղ ապրել, աշխատել ու մնացած մասի համար վարկ վերցնել։ Բայց եթե կա միայն գումարի 10-20 տոկոսը, դրա տակ մտնելու իմաստը խիստ կասկածելի է։ Ի՞նչ աշխատանք պիտի գտնես, որ կարողանաս այդ հիփոթեքը տասը տարում մարել։ 5 մլն-ն հարցի լուծում չէ, բայց 5 մլն-ն օգնում է որոշում կայացնել՝ մտնել հիփոթեքի տակ թե չրէ»,- ասում է Տիգրան Գաբրիելյանը։

Արցախյան կազմակերպությունները ՀՀ կառավարությանը հղած բաց նամակում առաջարկում են փոքր (մինչև երեք անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել հատուկ մոտեցում։

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության տնօրեն Կարինե Մովսեսյանը համարում է, որ մի կողմից լավ է, որ ոչ թե յուրաքանչյուր ընտանիքի, ինչպես քաշաթաղցիների դեպքում էր, այլ յուրաքանչյուր անձի են բնակարանի գնման վկայական հատկացնելու։ Մշակվող այս ծրագրի խնդրահարույց կետերից մեկը փոքրաթիվ ընտանիքների հարցն է, ի՞նչ կարող է անել երկու հոգանոց ընտանիքը 6 մլն դրամով։

«Բայց ես կառաջարկեի կառավարությանը, որ նախնական գումար հատկացնեն ոչ թե ամեն մեկի հաշվով, այլ հաշվի առնելով, որ կան փոքր ընտանիքներ։ Թեկուզ նախնական 10 մլն դրամ սահմանեն ու, ըստ ընտանիքի անդամների, գումարը ավելացնեն, որ տուն կարողանա գնել նաև երկու կամ երեք հոգանոց ընտանիքը»,- ասում է Կարինե Մովսեսյանը։

2022-ի և 2023-ի ծրագրերի տարբերությունը

Հայաստանի կառավարության 2022-ի փետրվարի 17-ի որոշմամբ՝ քաշաթաղցի ու քարվաճառցի («Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը») ընտանիքների համար Երևանում տուն գնելու դեպքում պետական սուբսիդավորումը կազմում էր մինչև 8 մլն դրամ , մարզերում՝ մինչև 10 մլն, Արցախում՝ մինչև 12 մլն։ Նշված աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկավորման տեսքով, վարկի մարման ամբողջ բեռը պետության վրա է։

Անկախ նրանից՝ ընտանիքը երկու հոգուց է կազմված, թե տասը, բնակարան գնելու կամ կառուցելու համար ստացել է նշված 8, 10 կամ 12 մլն դրամի վկայակականը։

Երկրորդ աչքի ընկնող տարբերությունն այն է, որ 2023-ի պատերազմից հետո տեղահանված արցախցիներին, ըստ մշակվող ծրագրի, բնակարանի գնման վկայական կտրվի գումարի վերադարձի պայմանով, անհատույց՝ միայն աչնափահասներին։

«Կարևոր նախապայման է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տասը տարի տվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի ֆինանսական պարտավորություններ կատարելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը»,- ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Սերտիֆիկատները սնկի պես կարող են աճել»

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության տնօրեն Կարինե Մովսեսյանն ասում է, որ «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրով 2022-ին չորս հազար ընտանիքից միայն կեսն է բնակարանի գնման վկայականով տուն գնել։ Ըստ Մովսեսյանի՝ ամենամեծ խոչընդոտը բանկերի և կառավարության միջև է։

«Եթե ընտանիքից գոնե մեկ հոգի վատ վարկային պատմություն ունի, բանկը սերտիֆիկատով գործարք չի անում։ Շատ հաճախ մարդիկ ինչ-որ տուն են գտնում հեռավոր տեղում, բայց բանկը գործարք չի կնքում։ Ինչ-որ մեկը պիտի դուրս գա այդ սերտիֆիկատից, մի խոսքով՝ մարդիկ քաշքշուկի մեջ են հայտնվում»,- ասում է Կարինե Մովսեսյանը։

Մի կողմից պետությունը, կարծես, մարդկանց խրախուսում է, որ բնակություն հաստատեն սահմանամերձ գոտիներում, մյուս կողմից, բանկը սահմանամերձ գյուղերը համարում է ռիսկային։

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության տնօրենն ասում է, որ սերտիֆիկատները սնկի պես աճում էին, քանի որ կողմնակի մարդիկ ևս ցանկանում էին օգտվել այդ ծրագրից։ Այս խնդիրը կարող է կրկնվել նաև 2023-ին տեղահանված մարդկանց պարագայում։

Ծրագրի իրագործման ժամկետը և կոմպակտ բնակեցումը

Արցախցիները բաց նամակով առաջարկում են ծրագրի իրագործման ժամկետը սահմանել երկու տարի՝ ակտիվ ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ։ Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այդ ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել հինգ տարվա ընթացքում, քանի որ բանկային համակարգը մեկ անգամից ի զորու չի լինի վճարել այդքան գումար, ինչը կազմում է մոտ 400 մլրդ դրամ։

«Պետք է առաջնահերթություններ սահմանենք։ Առաջին փուլում մտածում ենք այն ընտանիքների մասին, որոնք ունեն երեք և ավելի անչափահաս երեխաներ։ Սկզբից՝ առաջին տարվա ընթացքում, կօգնենք այդ ընտանիքներին, բայց կօգնենք նաև բոլոր մնացածներին, որոնք կսպասեն իրենց ժամկետին։ Մենք մտածում ենք՝ այս ծրագիրը թույլ կտա բնակարանով ապահովել հինգ տարվա ընթացքում, բայց կարող է լինել ավելի արագ։ Դրանք 4100 ընտանիքներ են։ Եվ սպասելու ժամանակահատվածում մենք իրենց օգնելու ենք, այդ կեցության վարձակալության վճարների մի մասը կառավարությունը կշարունակի վճարել»,- ասել է փոխվարչապետը։

Մտավախություն կա, որ արցախցիներն այդ հինգ տարվա ընթացքում կշարունակեն արտագաղթել։ Փետրվարի 9-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 12 760 արցախցի փախստական, որոնցից 5780-ը վերադարձել է։ ՀՀ ԱԱԾ-ն այսպիսի տվյալներ է տրամադրել ՍիվիլՆեթին։

«Շատերը սպասում էին որոշմանը, որ հասկանան իրենց ապագան… կարծում եմ, գարնանը արտահոսքը կշատանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Տիգրան Գաբրիելյանը։

Մարտի 12-ի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ծրագիրը դեռ «դիզայնի» մեջ է։ Նաև ասաց, որ բոլոր փախստականներին մինչև տարվա վերջ շարունակելու են տրամադրել 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։ Տիգրան Խաչատրյանը ավելի վաղ ասել էր, որ 40+10 հազար աջակցության ծրագիրը մարտից հետո տրամադրելու են միայն անչափահասներին, իսկ թոշակառուներին և կենսաթոշակառուներին ու 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ ամսական 20 հազար դրամ չափով։

Բաց նամակում «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը» կարևորում է ծրագրի իրականացումը արցախյան համայնքների պահպանման սկզբունքով։ 2020-ի պատերազմից հետո, օրինակ, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում նոր բնակավայր էին կառուցում բռնազավթված Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ և Մոշխմհատ գյուղերի բնակիչների համար, Ստեփանակերտի մոտ՝ Հադրութ քաղաքի բնակիչների, Խնածախ գյուղի մոտ՝ Հադրութի Տող գյուղի բնակիչների համար։

Հայկ Խանումյանն ասում է, որ իշխանություններից կարծիք է լսել, որ կոմպակտ բնակեցումը կբերի գետոյացման։ Բայց ինքը կարծում է, որ որևէ խնդիր չկա, քանի որ նույն կրթական համակարգն է և նույն մշակութային արեալը։

Կարևոր նախապայման է, որ բնակարանային ապահովման աջակցությունից օգտվեն այն անձինք, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի։ Արցախցիների բաց նամակում առաջարկվում է հրաժարվել այդ պահանջից։ Բաց նամակի նախաձեռնողներից մեկը՝ Արմեն Ասրյանը, համարում է, որ «070» կոդով անձնագրի բացակայությունը կարող է հետագայում Արցախ վերադառնալու խոչընդոտ լինել։

Տիգրան Խաչատրյանի հարցազրույցից հետո Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները փետրվարի 28-ին հայտարարեցին, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում Ազգային ժողովի հետ։

«Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են»,- նշված է հայտարարության մեջ։

«Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նաձախեռնությունը» նախատեսում է մարտի 20-ին Երևանում հանրահավաք անել, որի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքները, բնակվարձի աջակցության ծրագրինչ է պետքերն ու այլ հարցեր:

Մեկնաբանել