ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել։ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։ Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ։

«Կրկին փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները և մեծ հույս ունենք, որ մինչև եվրոպական ընտրություններն՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում։ Ընդ որում, աշխատում ենք երկու ուղղություններով՝ և վիզաների ազատականացման ուղղությամբ, և արդեն գործող պայմանագրի վերականգման ուղղությամբ, որովհետև կորոնավիրուսային համավարակից հետո այդ պայմանագիրը չվերականգնվեց թե՛ հերթերի, թե՛ գնային առումով։ Վստահեցնում եմ ձեզ, որ ԱԳՆ-ն երբևիցե այս հարցով այդքան ջանքեր չի ներդրել, ինչքան անցած տարի և այս տարվա սկզբին։ Լիահույս եմ, որ մոտ ամիսների ընթացքում կունենանք առաջընթաց»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել