Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի․ Նիկոլ Փաշինյան

Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին:

Անդրադառնալով Երևանի արվարձանում ակադեմիական քաղաք կառուցելու իր կառավարության նախագծին՝ Փաշինյանն ասել է․ «[…] ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում: Ես եվրոպական ստանդարտների մասին խոսեցի, բայց նույնիսկ այսօր գոյություն ունեցող մեր օրենքներով, եթե փորձենք հավաստագրել և լիցենզավորել մեր բուհերը, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա: Այսինքն՝ մեր երկրում գործում է օրենսդրություն, որ բուհերը պետք է համապատասխանեն այս ստանդարտին, այն ստանդարտին»:

Փաշինյանն ասել է, որ ակադեմիական քաղաքի նախագիծը գնահատվում է 1 մլրդ դոլար։

«Եթե երկարաժամկետում տեղափոխում ենք բուհերն Ակադեմիական քաղաք, որը, ըստ էության, մեգանախագիծ է, 1 մլրդ և ավելի դոլարի ներդրում կպահանջի երկարաժամկետում, հարց է ծագում՝ հին շենքերն ի՞նչ են լինելու: Նախկինում Հայաստանում այդ պրակտիկան է գործել, որ նոր ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերն օտարվում են, բայց մենք հընթացս էլ հասկացանք, որ դա վատ գաղափար է: Եվ մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ Երևան քաղաքի այդ բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման՝ որպես տարածքներ: Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը: Դա քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա Ակադեմիական քաղաքի հիմնադրամի հաշիվներին: Բայց սա այն է, ինչի մասին այսօր մտածում ենք»:

*** Ակադեմիական քաղաքի գաղափարը Փաշինյանն առաջին անգամ շրջանառել է 2021-ի մարտի 28-ին։ «Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,- հայտարարել էր Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանը՝ մանրամասնելով, որ Հայաստանի բուհերի շենքային պայմնանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։

Մեկնաբանել