ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին մարտի 19-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հույս ունեմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության համար»,- ասաց նա։

Ստոլտենբերգի կարծիքով՝ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել։

«Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է Եվրատլանտյան անվտանգության համար։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար»,- նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլտենբերգը Երևանում խոսեց նաև ուկրաինական պատերազմի մասին՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։

«Բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, հենց այս պատճառով պետք է ավելացնել և ոչ թե նվազեցնել աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»,-հայտարարեց նա։

Ստոլտենբերգը ուկրաինական պատերազմի հետ կապված նմանատիպ ուղերձ հղել էր նաև Բաքվից մարտի 17-ին։ Մինչ Հայաստան ժամանելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել էր Ադրբեջան և Վրաստան։

Մեկնաբանել