Կադիրովի 18-ամյա որդին հրահանգել է գտնել և «կրթել» սոցցանցերում չեչենական ավանդույթները խախտողներին

Ախմաթ Կադիրովը, լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի։

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին` Չեչնիայի երիտասարդության հարցերի նախարարը, իր նախարարությանը հանձնարարել է հետևել և «կրթել» մարդկանց, որոնք սոցիալական ցանցերում խախտում են չեչենական նորմերը և ավանդույթները:

Չորեքշաբթի Գրոզնի հեռուստաընկերությունը՝ Չեչնիայի հանրային հեռարձակողը, հայտնել է, որ Ախմաթ Կադիրովը հանձնարարել է իր նախարարության աշխատակիցներին վերահսկել հարթակները, որտեղ օգտատերերը «չեչենական մշակույթին և արժեքներին» հակասող ուղիղ հեռարձակումներ են անում։

Չեչենական ավանդույթները խախտողներին կկանչեն նախարարություն «կրթության» համար։ Ո՛չ Գրոզնիի հեռուստատեսությունը, ո՛չ Երիտասարդության նախարարությունը չեն պարզաբանել, թե ինչ է ենթադրում այդ «կրթությունը» կամ ինչն է հակասում չեչենական արժեքներին:

«Մենք նկատում ենք, որ Ախմաթ Կադիրովը կանխարգելիչ ակտիվ աշխատանք է կատարում երիտասարդների շրջանում։ Ավելի վաղ նա հանդիպել էր անչափահասների գործերով վարչությունում գրանցված դժվարին դեռահասների հետ»,- հաղորդել է «Գրոզնի» հեռուստաընկերությունը։

Չեչնիայի իշխանությունները նախկինում քննարկել են նմանատիպ միջոցառումների իրականացումը։ Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը 2021-ին հայտարարել էր, որ սոցիալական մեդիայի օգտատերերը չափազանց շատ ժամանակ են ծախսում այնպիսի հարթակներում, ինչպիսին TikTok-ն է:

Այն ժամանակ Դաուդովը Երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարել էր «հատուկ ուշադրություն դարձնել դրան»։

«Նախ, մենք կբացատրենք, որ ճիշտ չէ այդպես վարվել։ Երկրորդ անգամ մենք կնշենք, որ դա կտրականապես անընդունելի է մեր երիտասարդության համար, և եթե նրանք չեն հասկանում, ապա մենք կարող ենք վերջ տալ դրան»,- ասել էր Դաուդովը 2021-ին։

Անցյալ տարի Խամզաթ Կադիրովը՝ Ռամզան Կադիրովի եղբորորդին և խորհրդականը, նույնպես խոստացել էր «բացահայտել» այն մարդկանց, ովքեր առցանց դեմ են խոսում չեչենական արժեքներին։

«Ձեզ վրա աշխատանք կկատարվի, մենք կբացահայտենք այդ մարդկանց»,- ասել էր Խամզաթ Կադիրովը։

2023-ին Ռամզան Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ իր 16-ամյա որդի Ադամը ծեծում է մի տղամարդու, որը Վոլգոգրադում այրել էր Ղուրանը։

Ադամ Կադիրովի հարձակումը Ժուրավելի վրա լայն արձագանք ստացած դեպքերից մեկն էր, երբ մարդկանց, այդ թվում՝ անչափահասներին, դատում էին, նվաստացնում կամ ստիպում հրապարակայնորեն ներողություն խնդրել իսլամը կամ Չեչնիան վիրավորելու համար:

Մեկնաբանել