Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը հող է նախապատրաստում սադրանքի համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը հող է նախապատրաստում հնարավոր սադրանքի համար։

«Ընդհանրապես, անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունների հետ կապված միանշանակ մեկնաբանություն տալը»,- մարտի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Հայաստանի համար «որոշված թեմա է»։

«Փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել որպես միջպետական համաձայնագրի խախտում։ Սա միջգերատեսչական փաստաթուղթ էր, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել հայ սահմանապահներին այս տարածքում, այլևս նման անհրաժեշտություն չկա։ Այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի, մենք ինքներս կարող ենք մեր օդնավակայանը սպասարկել։ Հիմա ինչ-որ բաներ են խոսում՝ բա Թուրքիայի սահմանը և այլն։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- նշեց ԱԺ նախագահը։

Հարցին՝ Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում Հայաստանը կորոշի, որ հայ-թուրքական սահմանին ևս ՌԴ սահմանապահներ պետք չեն, Սիմոնյանը պատասխանեց․ «Նման խոսակցություն չի եղել, սա այդ դեպքը չէ»։

«Պետք է մի բան ֆիքսենք՝ ՀՀ-ին է պետք եղել ու պետք է ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու անգամ այդքան էլ դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել։ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը, ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցին, Սիմոնյանը նշեց․ «Նման հարց մենք այս փուլում չենք քննարկում, և չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»

«Եվրոպական խորհրդարանը որոշում ընդունեց և ասաց, որ Հայաստանի ժողովրդավարության չափանիշները շատ լավ, բարձր են և խորհուրդ տվեց ԵՄ-ն դիտարկել․ աննախադեպ շատ լավ բան է, որ նաև ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացրեց, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է և սպասում է, որ մտնի ԵՄ անդամության թեկնածու դառնալու, քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը։ Մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որ չգնանք, ինչպես Թուրքիան ու Վրաստանն են տարիներով սպասում, մենք էլ սպասենք։ Պետք է Հայաստանում շատ բան փոխվի, չափորոշիչներ փոխվեն»,- ասաց խորհրդարանի ղեկավարը։

Մեկնաբանել