Չորս տարի թակարդում. ինչո՞ւ են Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ մնում

Նկարազարդումը՝ Թամար Շվելիձեի/OC Media։

Ջավիդ Աղա, OC Media

Կորոնավիրուսային համավարակի սկսվելուց չորս տարի անց Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են մնում քաղաքացիական երթևեկության համար։ Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե դրա նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը, կան մի շարք տեսություններ՝ կապված դրա իրական պատճառի հետ:

2020-ի գարնանն Ադրբեջանը հետևեց բազմաթիվ այլ երկրների օրինակին և փակեց իր ցամաքային սահմանները, որպեսզի կանխարգելի կորոնավիրուսի փոխանցումը։ Երկիրը կիրառեց նաև մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումներ։ Նույն տարում ավելի ուշ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ Այս ամենին Անկարայից հետևելիս՝ պարզ էր, որ երկրում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում:

Չորս տարի անց այդ փոփոխություններն ավելի ամուր ձև են ստացել:

2020-ի փետրվարի վերջին Իրանից մեկնած քաղաքացու մոտ երկրի ներսում վարակի առաջին ախտորոշումից հետո Ադրբեջանը հայտարարեց Իրանի հետ սահմանը փակելու մասին, իսկ այլ երկրների հետ սահմանները փակվեցին ավելի ուշ։ Սակայն քանի որ կառավարությունն ամրապնդեց իշխանությունը պատերազմում տարած հաղթանակից հետո, ցամաքային սահմանները շարունակվեցին փակ մնալ երկար ժամանակ այն դեպքում, երբ COVID-19-ի դեմ պայքարի բոլոր մյուս կանխարգելիչ միջոցառումները վերացվել են։ Տպավորություն է, որ երկիրը «կարանտինային հատուկ ռեժիմից պարզապես անցում է կատարում գոյություն ունեցող ռեժիմի, որի պարտադիր մաս է կազմում այս սահմանափակումը։

Հասկանալի է, որ կառավարությունը կարծում է, թե օգուտ է քաղում այդ միջոցից, քանզի Ադրբեջանի տնտեսության, զբոսաշրջության և մարդկանց առօրյա կյանքի վրա դրա ազդեցությունն այնքան վնասակար է, որ կառավարությունը համարում է, թե դա արդարացված է, քանզի դա ծառայում է իր շահերին։

Պաշտոնական պատճառաբանությունը մնում է COVID-19-ի դեմ պայքարը, սակայն այդ պատրվակը դարձել է ծիծաղելի. Ադրբեջանում դիմակներն այլևս պարտադիր չեն, ոչ ոքի չեն հետաքրքրում պատվաստանյութի վկայականները, իսկ տեքստային հաղորդագրությունների միջոցով տեղաշարժվելու թույլտվություն ստանալու օրերը վաղուց անցել են հիշողության գիրկը։ Այսպիսով, ի՞նչ է դրանից իրականում շահում կառավարությունը:

Սոցիալական ցանցերում քննարկող տեսությունները շատ են, մինչ Ադրբեջանի կառավարությունը կարծես թե ձգտում է պահպանել իր գործընթացների և առաջնահերթությունների շուրջ առեղծվածը։

Հիմնական տեսություններից մեկն այն է, որ Ադրբեջանի ազգային ավիաընկերությունը՝ AZAL-ը, ձգտել է առավելագույնի հասցնել իր շահույթը: Ընկերությունն անուղղակիորեն պատկանում է իշխող Ալիևների ընտանիքին, իսկ այլ ավիաընկերությունները հիմնականում դուրս են մնացել Ադրբեջանի օդային տարածքից՝ օտարերկրյա ավիաընկերությունների համար սահմանված բարձր հարկերի պատճառով։ Երբ ցամաքային սահմանները փակվեցին, AZAL-ն արդյունավետ մենաշնորհ ստացավ դեպի Ադրբեջան կատարվող ուղևորափոխադրումների հարցում, և, հետևաբար, նաև ազատություն՝ իր հայեցողությամբ սահմանելու իր տոմսերի գները: Եվ այդ միջոցը կարծես թե աշխատեց. ավիաընկերության փոխնախագահը 2023-ի փետրվարին հաստատեց, որ ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ նախորդ տարին ավարտել է շահույթով:

Ըստ մեկ այլ տեսության՝ սահմանների փակումն ուղղակիորեն ուղղված է միգրացիայի կասեցմանը․ դա փորձ է կասեցնելու Ռուսաստանից ադրբեջանցի միգրանտների հայրենադարձությունը, որոնք տնտեսական բեռ կդառնային կառավարության համար, կամ խոչընդոտ ստեղծել Պուտինի մղած պատերազմից փախչող ռուսների համար: Սոցիալական հարցերով մեկնաբաններից մեկը նույնիսկ ասել է, որ կառավարության նպատակն է թույլ չտալ, որ Ադրբեջանի ժողովուրդը խուսափի «հաջորդ պատերազմից»։

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Շայգ Իբրահիմովն ինձ հետ զրույցում ասել է, որ «մենք կարող ենք միայն ենթադրություններ անել», թե ինչու է կառավարությունն այդքան երկար փակ պահել սահմանները, սակայն ամեն ինչ հանգում է նրան, որ այստեղ գործ ունենք «զուտ բիրտ ուժի» կիրառման հետ:

«Երկիր ազատ ելումուտ անելը քաղաքացիների հիմնարար իրավունքն է, դա ամրագրված է նաև Սահմանադրությամբ։ Ներկա իրավիճակում ոչինչ չի կարող արդարացնել ցամաքային սահմանների փակումը,- ասել է Իբրահիմովը,- Սահմանները փակ պահելը դարձել է ադրբեջանցի ժողովրդին իր իրավունքներից լիովին զրկելու, իշխանությունների կողմից համակարգված ճնշումների և նվաստացման ենթարկելու խորհրդանիշներից մեկը»։

Նաև փաստաբան Էմին Աբբասովին եմ դիմել՝ հասկանալու համար, թե ըստ նրա՝ ինչու են այսքան երկար ժամանակ սահմանները փակ և արդյոք այդ միջոցը որևէ իրավական հենք ունի։

Ըստ Աբբասովի՝ տնտեսական օգուտները հանելուկի մի մասն են միայն:

Օրինակ՝ քանի որ թույլ չեն տվել քաղաքացիներին իրենց գումարները ծախսել հարևան երկրներում, այդ գումարները մնացել են Ադրբեջանում։ Թեև ցամաքով ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը նվազած կլինի, կառավարությունը գերադասում է այն զբոսաշրջիկներին, որոնք ֆինանսական հնարավորություններ ունեն օդային ճանապարհով մուտք գործելու երկիր։

Մաքսային կանոնների փոփոխությունը ևս ավելացրեց կառավարության շահույթը։ 2020-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարությունը 1000 դոլարից մինչև 300 դոլար նվազեցրեց ապրանքների արժեքի շեմը, որ քաղաքացիները կարող են երկիր բերել առանց ներմուծման հարկ վճարելու։ Օդային սահմաններով ֆիզիկական և ֆինանսական ներմուծումների նկատմամբ վերահսկողության ավելի մեծ աստիճանի հետ համատեղ այս տեսությունը, ըստ երևույթին, արժանահավատ է։

Այդուհանդերձ, Աբբասովը կարծում է, որ թեև ֆինանսական օգուտները խթանող գործոն են, նպատակը հիմնովին քաղաքական է:

«Հիմնական նպատակը կարգավորելն ու ամրապնդելն է մի իրավիճակ, երբ պետությունն իր իշխանությունն օգտագործում է անսահմանափակ և անկանոն կերպով, ինչպես նաև առանց ուժի կիրառման ողջամիտ հիմնավորման»,- ասում է նա։

Նա ընդգծում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մեկնաբանությունները, որը, ի պատասխան սահմանի փակման երկարաձգման, մարտին հայտարարեց, որ «դա իմ լիազորությունն է որպես վարչապետ, ես եմ ստորագրել դա»։

Աբբասովը պնդում է, որ նման հայտարարություններից պարզ է դառնում, որ պետությունը գործում է՝ մտահոգիչ կերպով անտեսելով զսպումների և հակակշիռների համակարգը և տարրական հաշվետվողականությունը։

Ըստ նրա՝ չնայած Ադրբեջանի Սահմանադրության դրույթներին, որոնք ուղղված են գործադիր իշխանության նկատմամբ խիստ սահմանափակումներ սահմանելուն, փոփոխությունների համակցությունը և սահմանադրական սահմանափակումների դիտավորյալ անտեսումը հանգեցրել են նրան, որ կառավարության իշխանությունը փաստացի չի վերահսկվում։

«Ազատ տեղաշարժի, մարդու իրավունքների պաշտպանությանը և խորհրդարանի իրավասությանը վերաբերող բաժինները, ինչպես ամրագրված է Ադրբեջանի Սահմանադրությունում, ցույց են տալիս, որ գործադիր իշխանությունը, խորհրդարանի համաձայնությամբ, կարող է սահմանափակել երկիր մուտքն ու ելքը միայն հատուկ հանգամանքներում, ինչպիսիք են ռազմական գործողությունները կամ արտակարգ իրավիճակները»,- ասում է Աբբասովը։

Նա նաև ընդգծում է, որ Միգրացիոն օրենսգրքի 4.4-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահը պահպանում է Ադրբեջան մուտքի և ելքի հատուկ արձանագրություններ սահմանելու իրավասությունը միայն ռազմական մոբիլիզացիայի ժամանակ։ Նույնիսկ նման դեպքերում սահմանափակումները վերաբերում են բացառապես մոբիլիզացիային և չեն ազդում ամբողջ բնակչության վրա։

Սակայն չբավարարվելով պարզապես գործող օրենսդրությունը խախտելով՝ Ադրբեջանի կառավարությունը 2023-ի փետրվարին փոփոխություններ կատարեց «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքում՝ թույլ տալով պետական իշխանության անկանոն և անկանխատեսելի օգտագործումը: Փոփոխությունները մտցրին «սոցիալական արտակարգ ռեժիմի» հայեցակարգը, որը կարող է հանգեցնել «հատուկ իրավական ռեժիմի» առաջացմանը ՝ պարտավորեցնելով Նախարարների կաբինետին համակարգված միջոցներ ձեռնարկել «սոցիալական արտակարգ իրավիճակի» ժամանակ՝ ճգնաժամ, որը պակաս ծանր է, քան ստանդարտ արտակարգ իրավիճակը:

Թեև օրենքի փոփոխված տարբերակը բացառում է իրավունքները և ազատությունները սահմանափակող միջոցառումների կիրառումը, այն պահանջում է, որ մարդիկ պահպանեն «վարքագծի կանոնները», որոնք իրականացվում են սոցիալական արտակարգ իրավիճակների դեպքում։ Աբբասովը եզրակացնում է, որ ցամաքային սահմանի փակումը բացառապես նպատակաուղղված է պետության՝ առանց պատճառաբանության և հիմնավորման իր իշխանությունն օգտագործելու պրակտիկան նորմ դարձնելուն։

Հնարավոր բացատրություններ գտնելու նպատակով խորհրդակցելով փորձագետների հետ և որոնումներ անելով համացանցում, ես պատասխաններ փնտրեցի նաև կառավարության կայքում՝ հասկանալու համար, թե ինչ է քննարկվում նրա դահլիճներում և պարզեցի, որ իրավիճակը Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է առնվազն մեկ անգամ՝ 2023-ի մայիսին (հոդվածը գրելու պահին 2024-ին վերաբերող սղագրություններ հասանելի չէին):

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից պատգամավոր Նագիֆ Համզաևն այնուհետև խորհրդարանում հայտարարեց, որ պատգամավորներին հաճախ են հարցնում ցամաքային սահմանների և դրանք կրկին բացելու հնարավորության մասին:

«Մենք բազմիցս փորձում ենք բացատրել դրա պատճառները,- ասել էր Համզաևը՝ հավելելով, որ երբ այդ ամիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ համաճարակն ավարտվել է, իրենց բացատրությունները «բավարար չէին»:

«Կարծում եմ, որ հնարավորության դեպքում գոնե Վրաստանի հետ սահմանը կարող է բացվել Ադրբեջանի քաղաքացիների համար,- առաջարկել էր Համզաևը,- Մյուս սահմանների դեպքում գիտենք, որ որոշակի խնդիրներ կան։ Մենք կարող ենք ճանաչել Ադրբեջանի քաղաքացիների առնվազն այդ իրավունքը, որպեսզի նրանք հեշտությամբ կարողանան օգտվել Վրաստանի սահմանից։ Սա որոշ չափով կկանխի մեզ ուղղված հարցերի քանակը և որոշակի թեթևացում կբերի հասարակությանը»։

Համզաևի հայտարարությունը ուշագրավ խոստովանություն էր այն փաստի, որ, նույնիսկ կառավարության կարծիքով Ադրբեջանում COVID-ի վտանգը սպառնացող չէ։

Ըստ Նախարարների կաբինետի, որը COVID-ի սահմանափակումների համար տեխնիկապես պատասխանատու մարմինն է, մինչ օրս պատվաստվել է մոտ 14 միլիոն մարդ։ Սա գրեթե 4 միլիոնով ավելի է, քան Ադրբեջանի փաստացի բնակչությունը, ինչի վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել։ Համաճարակաբանական վավեր պատճառ ակնհայտորեն գոյություն չունի, ինչը ցույց է տալիս, որ շարժառիթը պետք է որ քաղաքական լինի։

Թեև ես չեմ կարող կատարյալ բացատրություն տալ Ադրբեջանի ցամաքային սահմանների փակման երևույթին, ես հակված եմ համաձայնելու այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ սա պարզապես հերթական դեպքն է, երբ «ուժն է ծնում իրավունք»:

Իշխանամերձ գործիչները մի շարք հիմնավորումներ են ներկայացրել ցամաքային սահմանի շարունակ փակ լինելու վերաբերյալ։ Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը մարտին ասել է, որ մարդիկ, որոնք կոչ են անում բացել ցամաքային սահմանները, «կարող են այս կամ այն կերպ առնչություն ունենալ թմրանյութերի առևտրի հետ»:

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահի [սեփականատերն ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովն է – խմբ․] այս տարվա մարտին տեղի ունեցած հարձակումը ևս հնարավորություն ընձեռեց կառավարությանը, որպեսզի վախ ներշնչի բնակչությանը։

Պատգամավոր Այդին Հուսեյնովը մի հարցազրույցի ժամանակ ասել է, որ նման միջադեպերը արդարացնում են կիրառված միջոցը՝ նշելով, որ ցամաքային սահմանները պետք է փակ մնան՝ ելնելով շարունակական անվտանգության նկատառումներից, և այն պատճառով, որ «Արևմուտքը դիմում է ահաբեկչության, երբ խոսքերն անօգուտ են»: Ակնարկը, որ Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը կվերացվի, եթե ադրբեջանցի տատիկներին թույլ չտան, որ վաճառելու նպատակով իրենց ծիրանը Կարմիր կամրջից Բորչալի տանեն, լավագույն դեպքում քիչ հավանական է թվում:

Մեկ այլ պատգամավոր Բահրուզ Մահարրամովը նույնպես հարձակումը որպես առիթ օգտագործեց՝ հայտարարելու, թե արտաքին սպառնալիքները «միավորվել են» Ադրբեջանի դեմ և հարձակվելու համար հարմար առիթի են սպասում։ Իհարկե, նա նաև հանգեց եզրակացության, թե անվտանգության առումով Ադրբեջանի ցամաքային սահմանների փակումը մեծ կարևորություն ունի․ անվտանգությունը, իհարկե, գերակայում է ազատությանն ու հիմնարար իրավունքներին։

Սակայն թեև կառավարության հիմնավորումները կարող են զավեշտալի լինել իրենց անհավանականությամբ, կիրառվող այս միջոցի հետևանքները ցավալիորեն իրական են:

Սահմանամերձ համայնքներում շատերն այլևս չեն կարողանում զբաղվել անդրսահմանային առևտրով, որը նախկինում նրանց ապրուստի միջոցն էր, մասնավորապես՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ղազախ քաղաքում և Աստարայում, որը գտնվում է Իրանում՝ իր համանուն քաղաքի հարևանությամբ: Երկու բնակավայրերում էլ մարդիկ որոշակի տնտեսական առաջընթաց են ունեցել առևտրի շնորհիվ, սակայն ցամաքային սահմանի փակումից ի վեր մեծ դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում։

Ոմանք հայտնվեցին Ադրբեջանի սահմաններից դուրս, երբ համաճարակն սկսվեց․ մարդիկ, որոնք Ռուսաստանում ադրբեջանական գյուղմթերքներ էին վաճառել, փորձեցին վերադառնալ, սակայն չկարողացան հատել սահմանը Դերբենդի մոտակայքում և ստիպված ապրել են վրանային ճամբարներում, քանի որ նրանց արգելվել է մուտք գործել սեփական երկիր։

Մյուսները՝ Թուրքիայում ուսանողները, սեզոնային աշխատողները, նրանք, ովքեր ընտանիքով և ընկերներով են սահմանից այն կողմ, նույն կերպ արդեն չորս տարի բախվում են սահմանն անցնելու անհաղթահարելի խնդրին և այն կարող են հատել միայն օդային ճանապարհով, որը չափազանց թանկ է։

2023-ի փետրվարին չորս ադրբեջանցի ուսանողներ՝ Շահին Վալիևը, Հումամ Իսմայիլլին, Սամիր Գուլիևը և Գյունդուզ Նազարզադեն, զոհվեցին երկրաշարժից, որն ավերեց ինչպես թուրքական, այնպես էլ սիրիական շատ բնակավայրեր։

Արտասահմանում սովորող ադրբեջանցի ուսանողների մեծ մասը նախկինում փետրվարի սկզբին օգտվում էին հայրենիք մեկնելու և ձմեռային արձակուրդներն իրենց ընտանիքների հետ անցկացնելու հնարավորությունից: Սակայն ուսանողների համար ինքնաթիռի տոմսերը ֆինանսական առումով անհասանելի էին,- ուսանողներից մեկի խոսքով դրանք «խայտառակ թանկ» են,- հետևաբար նրանք նախընտրեցին մնալ այդտեղ և սպանվեցին:

Այս խոստումնալից երիտասարդները մահացան միայն այն պատճառով, որ խոչընդոտել էին նրանց տուն վերադառնալուն։ Բնական աղետը ողբերգություն է, սակայն սա նաև անօրինական մահ էր։

Եվ սահմանը փակ պահելու Ադրբեջանի նախանձախնդրությունը հակադրվում է իր հարևանների պատրաստակամությանը` աղետի լույսի ներքո մի կողմ դնել քաղաքական մտահոգությունները. թեև երկրաշարժից հետո 30 տարվա մեջ առաջին անգամ բացվեց Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, Ադրբեջանը փակ պահեց իր ցամաքային սահմանները:

Նույնիսկ հարաբերական խաղաղության պահերին սահմանների փակումը շարունակում է մարդկանց թակարդի մեջ գցել՝ նրանց հնարավորություն չտալով աշխատել, ապրել, սովորել և տեսնել իրենց սիրելիներին և հիմնովին ոտնահարելով նրանց հիմնարար իրավունքները: Ինչ էլ որ լինի այսպիսի միջոցի կիրառման պաշտոնական կամ ոչ պաշտոնական պատճառը, պարզ է, որ իր հիմքում դա ռեպրեսիվ իշխանության անխոհեմ գործադրում է մի ռեժիմի կողմից, որը ձգտում է բացարձակ վերահսկողություն ունենալ:

Հոդվածում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն OC Media-ի խմբագրական խորհրդի տեսակետները:

Մեկնաբանել