Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությունը և անփոփոխ թողեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։

Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը։

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

***

Արմեն Աշոտյանը կալանվորված է 2023-ի հունիսի 16-ից։

Կրթության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանն ու նույն համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը անցնում են հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով Բժշկական համալսարանի հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38,6 մլն դրամի գույքային վնաս:

Մեկնաբանել