Հայաստանի ՀՆԱ-ի աճն առաջին անգամ էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից

Արշալույս Մղդեսյան

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,2%-ով: Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից, որը կազմել է 14,3%։

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2024-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 971 մլրդ 230,4 մլն դրամ (ավելի քան 5 մլրդ դոլար)։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 653 721 դրամ (1 621 դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 600 240 դրամի (1 529 դոլար) համեմատ։

Տնտեսական աճը հիմնականում ապահովել են մշակող արդյունաբերությունը, որն աճել է 31,1%-ով, մեծածախ և մանրածախ առևտուրը` 25,1%-ով, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը` 17,2%-ով, շինարարությունը` 12,4%-ով, կացության և հանրային սննդի կազմակերպումը` 8,1%-ով:

Անշարժ գույքի հետ կապված գործունեության ճյուղն առաջին եռամսյակում աճել է 5,4%-ով, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը` 5,6%-ով, վարչարարական և օժանդակ գործունեությունը` 6,7%-ով, իսկ կրթությունը և գյուղատնտեսությունը հավասարաչափ աճ են գրանցել` 4,4%։

Շեշտակի` ավելի քան 13% անկում է գրանցվել պետական կառավարման և պաշտպանության ոլորտում: Հանքաարդյունաբերության ոլորտում նվազումը կազմել է 5,7%, փոխադրումների և պահեստային տնտեսության ճյուղը նվազել է 5,2%-ով, իսկ տեղեկատվություն և կապի ոլորտը` 4,2%-ով։

Հատկանշական է, որ տնտեսական ակտիվության և տնեսական աճի թվերը, որոնք սովորաբար համադրելի են, այս անգամ էապես տարբերվում են: 2024-ի մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 15,3%-ով։ Ընդհանուր առմամբ, 2024-ի հունվար-մարտին այդ ցուցանիշը կազմել է 14,3 տոկոս։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն այս տարբերությունը բացատրում է ավելացված արժեքի ցուցիչով, որը հաշվարկվում է ՀՆԱ-ում:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս տնտեսության ֆիզիկական մեծությունն ու աճը, իսկ ՀՆԱ-ում երևում է ավելացված արժեքը: Օրինակ, մշակող արդյունաբերությունը, տվյալ դեպքում՝ ոսկերչությունը, վերաարտահանման հաշվին կտրուկ աճում է, որը երևում է ՏԱՑ-ում, սակայն այդ ոլորտում մեծ ավելացված արժեք չի ստեղծվում: Ուստի ՀՆԱ-ի ցուցանիշն ավելի համեստ է ստացվում: Վերջին շրջանում ՀՆԱ-ի և ՏԱՑ-ի տարբերությունն աճել է հենց վերաարտահանման գործոնով պայմանավորված, որտեղ ավելացված արժեք քիչ է ստեղծվում», – ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:

Մամուլը և տնտեսագետները բազմիցս գրել են, որ վերջին ամիսներին Հայաստանում ոսկերչական ոլորտի կտրուկ ակտիվացումը մեծամասամբ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ ռուսական ոսկու վերաարտահանման արդյունք է։ Այսինքն` այս աճը, ինչպես նշում են տնտեսագետները, մեծապես թելադրված է արտաքին գործոններով, ուստի կարող է վտանգվել արտաքին պայմանների փոփոխության դեպքում։

Ռուսական ոսկու վերաարտահանման վերաբերյալ վերլուծությունները հաստատվում են պաշտոնական տվյալներով, որոնք վկայակոչում է մեկ այլ տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Հայաստանը մի քանի ամսում 4 մլրդ դոլարի ռուսական ոսկի է արտահանել և դարձել ՌԴ բյուջեի համար եկամուտ ապահովող երկրներից մեկը։ Այսինքն՝ այս տնտեսական աճը փուչիկ է»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նշել է Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2024-ին կանխատեսում է 7% տնտեսական աճ, իսկ գնաճը կանխատեսվում է 4% (±1,5%) մակարդակում։

Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում սպառողական գները նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել են 0,7%-ով՝ նախորդ ամսվա 1,2% անկումից հետո:

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2024-ի վերջին Հայաստանում գնաճը կկազմի 1,5%: 2025-ի համար կանխատեսվող գնաճի արժեքները տատանվում են 4,6%-ից մինչև 4,1%-ի սահմաններում, իսկ 2026-ի համար՝ 4,7%-ից մինչև 4,1%-ի:

Մեկնաբանել