Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Աշխատանքային այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։

«Հանդիպում ունեցա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ եւ փոխանցեցի ցավակցություններս Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը Փաշինյանն ու Խամենեին համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը:

«Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է մայիսի 19-ին։ Նրան ու ևս ութ անձի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, ըստ ամենայնի, վատ եղանակի պատճառով: Վթարի հետևանքով մահացել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկնաբանել