Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում և Երևանի կենտրոնում գտնվող գույքերը

Դատախազությունը պահանջում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ։

«Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը, մասնավորապես, պահանջում է Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը կամ դրա միջին շուկայական արժեքը՝ 181 մլն դրամ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը կամ գույքի ձեռքբերման արժեքը՝ ավելի քան 2 մլն դոլար։

Ըստ հայցադիմումի՝ Վիգեն Սարգսյանից պետք է բռնագանձվի նաև 255,4 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 172,4 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

***

2022-ի նոյեմբերին ՍիվիլՆեթը պարզել է, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առքուվաճառքի պայմանագիր էին ստորագրել, գումարը փոխանցվել էր Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել էր, դիմել էին Կադաստր՝ գրանցման համար։ Այս ամենից հետո միայն Քննչական կոմիտեն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։

Մեկնաբանել