Իրանի նախագահի պաշտոնակատարը Փաշինյանին վստահեցրել է՝ բոլոր ծրագրերը շարունակական կլինեն

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։

«Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի»,- ասված է հաղորդագրությունում։

Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է մայիսի 19-ին։ Նրան ու ևս ութ անձի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, ըստ ամենայնի, վատ եղանակի պատճառով: Վթարի հետևանքով մահացել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկնաբանել