ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները, ասել է Բլինքենը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

«Ուսումնասիրում ենք Հայաստանի խնդրանքները՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը և նրա հետ համագործակցությունն ապրապնդելու համար»,- մայիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Բլինքենը։

Նա հիշեցրել է, որ ապրիլին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպում է անցկացվել, որի նպատակն էր պարզել, թե ինչպես կարող են Վաշինգտոնն ու Բրյուսելն աջակցել Երևանին․ «Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք ուղղություններով»:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ աշխատանք է կատարել՝ առաջնորդելով իր երկիրը դժվարին ժամանակներում: Մենք ուզում ենք երաշխավորել, որ բոլորը, այդ թվում՝ ԼՂ-ից հեռացած մարդիկ, աջակցություն ստանան»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան, դիմելով Բլինքենին, նշել է, որ Ադրբեջանը բազմիցս է խախտել Հայաստանի հետ պայմանավորվածությունները և պատասխանատվության չի ենթարկվել։ Ի պատասխան Բլինքենն ասել է․ «Լավագույն լուծումը խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացն է: Դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի շահերից»:

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Երևանը, Բրյուսելը և Վաշինգտոնը, անդրադառնալով հանդիպման վերաբերյալ շահարկումներին, հայտարարել էին, որ հանդիպումն առաջին հերթին տնտեսական ուղղվածություն ունի։ Գագաթնաժողովի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ նշված է առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ի կողմից 65 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին։ Հայտարարությունում խոսվել է նաև Հայաստանի համար ռիսկերը մեղմելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը ամրապնդելու ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հանձնառության մասին։

Մեկնաբանել