Մայր Աթոռն իշխանության մեղադրանքներն անվանում է «կեղծ, անհիմն և մերկապարանոց»

Մայիսի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքներին։ Ժողովի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։

Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։

Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։

Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը»,- ասված է հայտարարությունում։

Եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարվել են 44-օրյա պատերազմից հետո, դրանք էլ ավելի սրվեցին սահմանազատման գործընթացի ժամանակ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։

Փաշինյանը կարծում է, որ Բագրատ սրբազանի շարժումը տանում է դեպի «չպետություն և չինքնիշխանություն»․ «Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց ու ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն»։ Իշխանությունը նաև բարձրացնում է եկեղեցու հարման հարցը։

Մեկնաբանել