Արցախի համայնքների ղեկավարների դեմ գործերով ՔԿ-ն նոր տվյալներ է հայտնում, պաշտպանները՝ «քաղաքական հետապնդում» համարում

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր։ Իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարձակալած տունը այսօր խուզարկել են։ ՍիվիլՆեթին այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փաստաթուղթ կեղծելու համար։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է արդեն գոյություն չունեցող քաղաքապետարանին պատկանող 5,5 միլիոն դրամանոց Niva ավտոմեքենան։ Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ձերբակալվել է «փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար»: Խոսքը 1,9 մլն դրամ արժողությամբ Chevroley Lacetti մակնիշի ավտոմեքենայի մասին է։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ Երևանում նրանց մեքենաների հաշվառման հարցն է բարձրացել, որովհետև պետք է Հայաստանի համակարգի մեջ մտնեն։ «Մարդիկ գնացել են ոստիկանություն, այնտեղ պարզաբանել են, որ անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերով ֆիզիկական անձանց վրա գրել մեքենաները։ Եվ ավագանու որոշումներ են կայացվել՝ սահմանված կարգով ներկայացնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, որով մեքենաները հաշվառվել են տվյալ ֆիզիկական անձանց անուններով։ Եվ դա մեր քաղաքական իշխանությունները, չեմ ասի Քննչական կոմիտեն, որակում են խարդախություն»։

Մելիքյանն «աբսուրդ» է որակում այս մեղադրանքները, քանի որ խարդախության համար պետք է տուժող․ «Ո՞վ է տուժողը։ Ես չեմ զարմանա, որ վաղը տուժող ճանաչեն Ադրբեջանի Հանրապետությանը»։ Ըստ փաստաբանի՝ լրիվ նույն սցենարով խուզարկություն են կատարել Ստեփանակերտի քաղաքապետի վարձակալած տանը։

Մինչդեռ մայիսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «քննությամբ պարզվել են նշված անձի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործության մասին նոր տվյալներ».

«Մասնավորապես, «New Armenia Blog» ալիքում տարածված՝ «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ նշված խոսակցությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած Կ.Հ.-ի և վերջինիս ազգական, նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի միջև։

Պարզվել է, որ Կ.Հ.-ն, իր քրոջ թոռան՝ նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի կազմակերպմամբ, 2024թ. մայիսի 26-ին նախատեսվող հավաքին մասնակցելու նպատակով, նյութապես շահագրգռել է մի շարք անձանց և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Մասնավորապես, Կ.Հ.-ն իր հարազատ Հ.Շ.-ի կազմակերպմամբ՝ յուրաքանչյուր անձի համար 6000 կամ 8000 ՀՀ դրամ, վառելանյութ, հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում՝ նաև սնունդ և ըմպելիքներ տրամադրելու պայմանով, 2024թ. մայիսի 21-ին համաձայնել է, կազմակերպվող հավաքին բազմամարդություն ապահովելու նպատակով, նյութապես շահագրգռել և այդ կերպ ապահովել Վարդենիս համայնքում փաստացի բնակվող, ծնունդով ԼՂ անձանց ֆիզիկական մասնակցությունը հավաքին»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Հաշվի առնելով, որ նշված երկու դեպքերն առնչվում են միևնույն անձին, նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով, վերոնշյալ երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ընդդիմադիրները պնդում եբ՝ Արցախի համայնքների ղեկավարներին ձերբակալել են մայիսի 26-ին կայանալիք «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքին ընդառաջ։

Մեկնաբանել