Դեբեդ գետի վարարման հետևանքով` երեք զոհ, ավերածություններ

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով զոհվել է երեք մարդ, կան անհայտ կորածներ, ավերվել են շենքեր, կամուրջներ։ Ըստ ՆԳՆ-ի` տարհանվել է շուրջ երկու հարյուր մարդ։ ՍիվիլՆեթի թիմը աշխատել է տեղում։ Դեպքերը ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

20:50

ԵՐԵՔ ԶՈՀ

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․

«Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում:

Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

Լոռի մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ, սակայն դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրանքային ճանապարհներ, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, որոնք անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի խորհրդակցություն: Մասնակցել են շտաբի պետ, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, մարզային փրկարարական վարչության պետն ու այլ պաշտոնատար անձինք։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները»։

19:30

ԵՐԿՈՒ ԶՈՀ

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը անհայտ կորել են։ «Լուրեր»-ի թղթակցին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

17:30

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ

ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն Լոռու և Տավուշի մարզերի հեղեղումների գոտում։ Ժամը 17.00-ի դրությամբ, փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Նշված մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է ժամանել ՀՀ վարչապետը։

16:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետեւ «կիրականացնեն աղետի հետեւանքների վերացման ծրագրեր»:

15:30

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների վերաբերյալ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։

Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։

Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։

Այսպես՝

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ,

Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։

Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին`

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ,

Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։

Արդյունքում ստացվում է որ նշված դիատկետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։

Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։

Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

15:00

ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ՄԵԿ ԴԻ

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

«Ժամը 13.30-ի դրությամբ Փրկարար ծառայության ուժերի միջոցով աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է ՆԳՆ-ը։

14:30

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Մեծ և Փոքր Այրումներ գյուղերի ջրամատակարարումը։

«Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ»,- հայտնում են ընկերությունից։

Վարարումների հետևանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս ջրամատակարարումը դադարեցված է։

14:05

Ալավերդու ամբողջ բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

13:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

12:50

Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:

12:15

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն

2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան

2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

11:30

Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանումներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։

Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։

***

Դեբեդ գետի վարարման հետևանքով Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ ժամը 08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։ Իսկ Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է։

«Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։ Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք»,- նշված է հաղորդագրությունում։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում 30 մարտական հաշվարկ, 324 փրկարար ծառայողներ։

Մեկնաբանել