Բագրատից՝ Վազգեն. արքեպիսկոպոսի «վարչապետացումը»

«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը ազդարարել է իշխանափոխության համար «երրորդ ու վճռական փուլի» մեկնարկի մասին, այս անգամ մեկ տարբերությամբ՝ վարչապետի թեկնածուով: Այն հենց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն է, որը մինչ այդ, ինչպես ինքը ձևակերպեց, խնդրել է «կաթողիկոսին սառեցնել իր հոգևոր ծառայությունը»:

Թե ինչ է գործնականում նշանակում «հոգևոր ծառայության սառեցումը» և արդյոք եկեղեցական կյանքին գոնե այս պահին հրաժեշտ տված Գլաստանյանը ինչ-որ պահի կարող է վերադառնալ հոգևոր ծառայության՝ դժվար է հստակ ասել: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ եթե հնարավոր է այդ ծառայությունը կաթողիկոսի գիտությամբ «սառեցնել», ապա կարելի է նաև «ապասառեցնել»՝ դարձյալ հավանաբար Վեհափառի թույլտվությամբ: Բայց մինչ այդ «սրբազան», «արքեպիսկոպոս» և այլ հոգևորական ծագում ունեցող կոչումները կիրառելի չեն: Նա այլևս քաղաքական գործիչ և վարչապետի աթոռին հավակնող ընդդիմադիր Վազգեն Գալստանյանն է:

Մայիսի 9-ի՝ մինչ օրս այդպես էլ չգերազանցված հանրահավաքից երեք շաբաթ անց, երբ Տավուշում՝ չորս գյուղի հատվածում, գործնականում ավարտվել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, ընդդիմադիր շարժումը ներկայացրեց իր վարչապետի թեկնածուին: Թեպետ Տավուշի չորս գյուղերի թեման այլևս անցյալում է, իսկ կիրակին հանրահավաքի անցկացման համար հարմար օր է, սակայն ցույցը չդարձավ օրվա գլխավոր իրադարձությունը:

Հավաքի նախօրեին նույն Տավուշում, ինչպես նաև Լոռիում մեծ ավերածություններ բերած տարերային աղետը, ընդդիմության օրակարգի անսասանությունը և դրա շուրջ տեղեկատվական աղմուկը թերևս չէին կարող բացասաբար չանդրադառնալ հանրահավաքի մարդաշատության վրա:

Բագրատ Գալստանյանը՝ վարչապետի թեկնածու

Տրամաբանական է, որ հենց շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը առաջադրվեց վարչապետի թեկնածու: Որքան էլ քննարկվի նրա` հոգևորական լինելու հանգամանքը, սա է հուշում քաղաքական տրամաբանությունը, քանի որ վերջինս այդ շարժման նախաձեռնողն ու առաջնորդն է: Բացի այդ, վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում ընդդիմադիր շարժումն «աշխարհիկների» կազմից չի ծնել նոր առաջնորդի, որն ավելի մեծ ժողովրդականություն կվայելի գոնե ընդդիմության համակիրների շրջանում:

Մյուս կողմից, Գալստանյանի «հոգևոր ծառայության սառեցումն» ու քաղաքականություն անցումը գոնե առաջին հայացքից ձեռնտու է նաև Հայ առաքելական եկեղեցուն: Չլինելով անմիջականորեն ներգրավված իշխանության համար պայքարի մեջ՝ այս գործընթացում ամենաշատը թիրախավորվում էր եկեղեցին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Եթե մտնում ես քաղաքականություն, չպետք է բողոքես, որ թիրախավորվում ես: Այս ոլորտում սրբեր չկան, տաբուներ` նույնպես: Հնարավոր չէ քաղաքական քննադատության թիրախում պահել իշխանությանը ու եկեղեցական ինքնությամբ պաշտպանվել ու անաղարտ մնալ:

Ուստի պետք չէ բացառել, որ Բագրատ Գալստանյանի հոգևոր և քաղաքական ինքնությունների միջև ընտրությունը արվել է նաև Մայր Աթոռի հորդորով կամ գոնե բխում է եկեղեցու շահերից: Սա հնարավորություն է տալիս եկեղեցուն հանել հարվածի տակից, քանի որ նախ պարզ չէ` ինչպես կավարտվի այս շարժումը, և երկրորդ՝ իշխանությունն ապացուցել է` իր ընդդիմախոսների դեմ պայքարի քաղաքական գործիքակազմում խտրականություն չի դնում: Եկեղեցին արդեն անվանել են «օտարերկրյա ազդեցության գործակալ»՝ խոստանալով լուծել այդ հարցն առաջիկա մի քանի ամսում:

Գալստանյանի երկքաղաքացիությունն ու Սահմանադրությունը

Մյուս կարևոր նրբերանգը, որը մեծ վեճերի պատճառ կարող է դառնալ, Բագրատ Գալստանյանի երկքաղաքացիությունն է: Վերջինս Հայաստանի քաղաքացիությունից բացի, ունի նաև Կանադայի անձնագիր: Շաբաթներ առաջ, երբ նրան հիշեցրին դրա մասին՝ ակնարկելով սահմանադրական արգելքը, պոպուլիզմը և սուտը մերժող Գալստանյանը խոսեց ժողովրդի կամքից. «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը։ Հիմա ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի։ Է հիմա, որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ և երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքը կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք»։

Նայել Սահմանադրության «ոգո՞ւն», թե՞ «տառին»

Գալստանյանի մոտեցումներն ամրապնդելու նպատակով երկքաղաքացիության հարցում որոշ՝ ընդդիմադիր հայացքներով սահմանադրագետներ խորհորդ են տալիս Սահմանադրության ոգուն նայել, ոչ թե տառին:

«Եթե Սահմանադրության տառին համապատասխան նայենք, ապա, կարծեք թե, երկքաղաքացի անձը չունի նման իրավունք, քանի որ նշված է, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի պատգամավորին ներկայացված պահանջներին, այսինքն՝ անձը պետք է առնվազն վերջին չորս տարվա ընթացքում լինի ՀՀ քաղաքացի և բնակություն հաստատած լինի Հայաստանում: Այս պայմաններում մտածում ենք, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս Բագրատ սրբազանին, ուրեմն չկա հնարավորություն: Բայց եթե մենք հաշվի ենք առնում իրադրությունը, այն, որ ֆորսմաժորային իրավիճակ է, նման պայմաններում մենք պետք է Սահմանադրության մեկ այլ սկզբունքից ելնենք՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն` եթե գործող կառավարությունը ժողովրդի ճնշմամբ է հեռանում, մտածելու առիթ է ստեղծվում», – 168.am-ի հետ զրույցում ասում է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Մյուսները, սակայն, երկքաղաքացիության հարցում պնդում են սահմանադրական արգելքի առկայությունը, որն անհաղթահարելի է, մասնավորապես, մատնացույց անելով այն, որ Սահմանադրության մեջ հստակ ձևակերպված է քաղաքացիության, այն է՝ «միայն» ՀՀ քաղաքացի լինելու և նստակյացության, այն է՝ չորս տարի Հայաստանում ապրելու հանգամանքը: Այնուամենայնիվ, հեշտ չի լինի միայն Սահմանադրության ոգուն հղում անելով՝ թեման «փակել», քանի որ խոսքը Սահմանադրության տապալման սպառնալիքի մասին է:

Հեղափոխության պահը կհասունանա՞

Մինչ այդ դեռ պետք է հասունանա հեղափոխության պահը, ձևավորվի կրիտիկական զանգված՝ ստեղծելով ֆորսմաժորային իրավիճակ, որին հղում են անում Գալստանյանին սատարող սահմանադրագետները: Առայժմ, սակայն, հանրահավաքի մասշտաբները իշխանության հետ վերջնագրով խոսելու վստահություն ընդդիմությանը չեն ներշնչում: Ավելին, աշխատանք է տարվում ընդդիմության սոցիալական բազայի թուլացման ուղղությամբ:

Մայիսի 27-ին սոցիալական ցանցերում, ակնհայտորեն հանրային ընկալումների վրա ազդելու նպատակով, երկու միմյանց հակադիր կերպարներ էին շրջանառվում՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած համայնքներ այցելած և ցեխերի միջով քայլող վարչապետ Փաշինյանի և Երևանում վարչապետի ամառանոցի մոտ ցուցարարների հետ «We are the champions» երգին ձայնակցող Բագրատ Գալստանյանի լուսանկարներն ու տեսանյութերը:

Եթե Գալստանյանի հետ PR-ի մասնագետների թիմ է աշխատում, ապա նրանք լուրջ հետևություններ անելու կարիք ունեն: Նման կադրերը հանրային ընկալումներում երբեմն թողնում են շատ խորը բացասական հուզական նստվածք: Դրանք հետո տարիներով հիշվում են ու «հետապնդում» իրենց «հերոսին»:

Ընդդիմության օրակարգը. հայդատականությունից մինչև ԵԱՀԿ

Մյուս կողմից, այս ընթացում շարժումը թեպետ հստակեցրեց վարչապետի թեկնածուի հարցը, սակայն դեռևս «լողում» է սահմանազատման կամ հայ-ադրբեջանական թեմայի, Հայաստանի ապագայի վերաբերյալ օրակարգում: Հստակ օրակարգ ձևավորել չի ստացվում: Այն մերթ հայտնվում է անզիջում հայդատականության դիրքերում, մերթ խոսում սահմանազատման ԵԱՀԿ սկզբունքների մասին: Ամեն բան, բացի կոնկրետությունից: Ու սա շարժման ամենաթույլ կողմն է: Այս հարցում մեծ առավելություն չունի նաև իշխանությունը:

Խոշոր հաշվով, իշխանությունն Ադրբեջանին է տալիս/վերադարձնում մի քանի գյուղ՝ հույս ունենալով, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունը և էսկալացիայի չի գնա: Իսկ ընդդիմությունն ուղղակի մերժում է այդ գործելակերպը՝ էլի հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմը չի գնա պատերազմի: Երկու դերպքում էլ հստակ երաշխիք կամ հաշվարկ չկա, ուղղակի նոր սրացման հավանականությունն է մի քիչ բարձր ու ցածր:

Ընդդիմության օրակագում հստակություն չկա նաև Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում: Հատկապես ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերությունների ներկայիս լարվածության և ՌԴ-ի նկատմամբ Հայաստանի բնակչության գրեթե կեսից ավելիի բացասական վերաբերմունքի պայմաններում, հնարավոր չէ ակնկալել նույն այդ մարդկանց աջակցությունը՝ «պետք է բացառել հակառուսականությունն ու հակաարևմտականությունը» դեկլարատիվ և ընդհանրական հայտարարություններով:

Ուստի պատահական չէ, որ գոնե մինչ այս ազգային-պետական հարցերում առկա անորոշությունները թեպետ ավելացնում են իշխանությունից բողոքողների բանակը, սակայն դա ինքնըստինքյան չի հանգեցնում ընդդիմության համակիրների քանակի մեծացմանը: Այլ կերպ ասած՝ բողոքը շատ ավելի մեծ է, քան հրապարակում բողոքողների թիվը, և սա պետք է նաև լուրջ ահազանգ լինի իշխանության համար:

Մեկնաբանել