Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նա մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Այս գործով անցնող մյուս երեք անձանց ևս ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

«Նրանք մեղադրվում են այն բանում, որ Դ.Ս.-ն (Դավիթ Սարգսյանը – խմբ․), խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, 2024-ի փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ Իր հերթին Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։ Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։ Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19,1 մլն դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել