Աստվածն ու կինը Իրանում

Փրինսթոն – Իմ տատիկը առաջին կանանցից էր, որը Վիեննայի համալսարանում մաթեմատիկա և ֆիզիկա է ուսանել: 1905թ., երբ նա ավարտել էր, համալսարանը նրան առաջադիմության համար առաջադրեց իր ամենաբարձր մրցանակին, որը նվիրում էին կայսեր անվան սկզբնատառերը փորագրված մատանիով: Բայց մինչ այդ որևէ կին չէր արժանացել նման պատվի, քանի որ Ֆրանս Իոսիֆ կայսրը չէր ցանկանում նման մրցանակ շնորհել կանանց:

Դրանից ավելի քան հարյուր տարի անց կարելի է կարծել, թե մենք արդեն հաղթահարել ենք այն համոզմունքը, որ կանայք որևէ ոլորտում չեն կարող հավակնել կրթության բարձր աստիճանների: Մտահոգիչ լուր է, որ Իրանի ավելի քան 30 համալսարան կանանց համար արգելել է ավելի քան 70 դասընթաց՝ սկսած ճարտարագիտությունից, միջուկային ֆիզիկայից, ծրագրավորումից մինչև անգլիական գրականություն, հնագիտություն և բիզնես: Ըստ իրանցի իրավաբան, իրավապաշտպան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի՝ այդ սահմանափակումները կանանց հնարավորությունները տանից դուրս սահմանափակելու իշխանությունների քաղաքականության մասն են:
Այս սահմանափակումները հատկապես հեգնական են՝ հաշվի առնելով այն, որ ըստ UNESCO-ի՝ Իրանում աղջիկ ուսանողների հարաբերակցությունը տղա ուսանողների նկատմամբ ամենամեծն է աշխարհում: Անցյալ տարի ընդհանուր ուսանողության շրջանում քննությունները հանձնած բոլոր ուսանողների 60 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել, և կանայք մեծ առաջադիմություն են ցուցաբերել ավանդաբար այնպիսի «տղամարդկային» մասնագիտություններում, ինչպիսին, օրինակ, ճարտարագիտությունն է:

Միանգամայն հնարավոր է, որ աղջիկ ուսանողների հաջողությունը և իրանական կրոնապետությանն ընդդիմացող ուսյալ կանանց դերն է պատճառ եղել, որ իշխանություններին դրդել է փորձել կանխել այս միտումը: Այժմ կանայք, ինչպիսին Սպահանի համալսարանի ուսանող Նուշինն է, որը BBC-ին ասել էր, որ ուզում է ճարտարագետ-մեխանիկ դառնալ, ի վիճակի չեն իրենց նպատակներին հասնել՝ չնայած ընդունելության քննություններում ստացած բարձր գնահատականներին:
Կան մարդիկ, որոնք պնդում են, որ սեռային հավասարության իդեալին կոնկրետ մշակութային տեսանկյունից պետք է նայել, և որ մենք՝ արևմուտքցիներս, չպետք է փորձենք մեր արժեքները պարտադրել ուրիշ մշակույթներին: Ճիշտ է՝ իսլամական տեքստերը հաստատում են տղամարդկանց գերակայությունը կանանց նկատմամբ: Բայց նույնը կարելի է ասել հրեական և քրիստոնեական տեքստերի մասին: Իսկ կրթություն ստանալու իրավունքն առանց խտրականության ամրագրված է միջազգային մի շարք հռչակագրերում ու համաձայնագրերում, ինչպիսին, օրինակ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, որին համաձայնել են գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը:

Կանանց նկատմամբ խտրականությունը Իրանում ավելի մեծ կտրվածքով պաշտոնական կողմնակալության մասն է, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր ո՛չ մուսուլման են, ո՛չ էլ Իրանի Սահմանադրությամբ ճանաչված երեք կրոնական փոքրամասնությունների՝ զրադաշտականության, հուդայականության և քրիստոնեության ներկայացուցիչ: Համալսարանում սովորելու համար, օրինակ, պարտադիր է նշել ճանաչված չորս կրոններից մեկի ներկայացուցիչ լինելու մասին: Աթեիստներին, ագնոստիկներին կամ բահայիզմի հավատքի հետևորդներին չեն ընդունում համալսարան:

Պատկերացրեք՝ ինչպես մենք կարձագանքենք, եթե ինչ-որ մեկը փորձի ռասայական խտրականությունը արդարացնել փաստարկով, որ չի կարելի մեկի մշակույթը պարտադրել մյուսին: Վերջիվերջո, Միացյալ Նահանգների որոշ մասերում տարիներ շարունակ «մշակույթ» էր, որ աֆրիկյան ծագումով մարդիկ պետք է նստեն ավտոբուսի հետնամասում և պետք է առանձին դպրոցներ, հիվանդանոցներ և համալսարաններ հաճախեն: Հարավային Աֆրիկայում ապարտեիդն էր «մշակույթ», ըստ որի՝ սևամորթները պետք է սպիտակամորթներից հեռու ապրեն և ունենան առանձին և ավելի ստորադաս կրթական հնարավորություններ։ Կամ, ավելի ճշգրիտ ձևակերպմամբ, դա սպիտակամորթների մշակույթն էր, որոնց ձեռքում էր իշխանությունն այդ ժամանակ:

Նույնը կարելի է ասել Իրանի մասին: Երկրի ղեկավարները բոլորը տղամարդ են և մուսուլման: Համալսարանները «իսլամիզացնելու» 2009թ. գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի կոչը հանգեցրեց դասընթացների փոփոխություններին և դասախոսական անձնակազմի մի մասի փոխարինմանը ավելի պահպանողականներով: Երկու ամիս առաջ Խամենեին հայտարարեց, որ իրանցիները պետք է վերադառնան ավանդական արժեքներին և ավելի շատ երեխաներ ունենան, ինչը ակնհայտ նշանակություն կունենա կանանց դերի վրա և ոչ միայն ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Ներկայում Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների նպատակը իրանական վարչակարգին միջուկային զենք ստեղծելը թույլ չտալն է և ոչ թե համոզելը, որ նա դադարեցնի կանանց նկատմամբ կամ կրոնական հողի վրա խտրականությունը: Իրանական համալսարանների կամ դրանց այլ պրոդուկտների նկատմամբ համատարած բոյկոտ չկա, ինչպիսին կար Հարավային Աֆրիկայում ապարտեիդի դեպքում: Մինչև հիմա թվում է, որ մենք սեռային և կրոնական խտրականությունը նվազ լուրջ ենք ընդունում, քան ռասայական կամ էթնիկական խտրականությունը:

Մենք թերևս առավել պատրաստ ենք ընդունելու, որ տղամարդկանց և կանանց միջև կենսաբանական տարբերությունները համահունչ են այն դերին, որ կանայք և տղամարդիկ խաղում են հասարակությունում: Այդպիսի տարբերություններ կան և դրանք միայն ֆիզիկական չեն: Այնպես որ՝ մենք չպետք է շտապենք եզրակացնել, որ եթե ճարտարագետները հիմնականում տղամարդիկ են, ուրեմն կանանց նկատմամբ խտրականություն պետք է դրվի: Դա միգուցե նրանից է, որ ավելի շատ տղամարդ, քան կին է ցանկացել դառնալ ճարտարագետ:

Սակայն դա միանգամայն այլ հարց է և տարբեր է այն խնդրից, որ եթե կանայք ցանկանում են ճարտարագետ դառնալ և պատրաստ են ճարտարագիտություն ուսանել, նրանց հնարավորություն չպետք է տրվի իրենց նպատակին հասնել: Կանանց միանշանակ զրկելով մասնակցելու այն դասընթացներին, որոնք տղամարդկանց համար բաց են, Իրանը քայլ է կատարել, որն այնքան անպաշտպանելի է, որքան ռասայական խտրականությունը, և որի դեմ պետք է հենց ստիպողական գործողություն լինի:

Պիտեր Սինգեր

Մեկնաբանել