Սուտը՝ քաղաքական կատեգորիա

Մինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը արդեն քանի ամիս է, ինչ տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստան առաքվող գազի գնի վերաբերյալ շարունակում է պնդել, թե թանկացումներ չեն եղել, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և Հայաստանը նախկինի նման ռուսական գազը ձեռք է բերում 180 դոլարով, Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած թվերը հերթական անգամ հակառակն են փաստում. այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով Ռուսաստանից ներկրվող գազը ձեռք է բերվել 244 դոլար մաքսային արժեքով:

Կառավարությանը բոլորովին պետք չէ մեղադրել, որ ռուսական գազի գինը բարձրացել է: Կառավարությունը թերևս բնակչությունից ոչ պակաս շահագրգռված է, որ հանրապետության առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական վիճակում տեղի չունենա այնպիսի կարևոր ապրանքի թանկացում, ինչպիսին գազն է: Ավելին, կառավարությունն ամենաքիչ շահագրգռվածն է, որ ընտրական և նախընտրական տարում նման բան տեղի ունենա, որը կարող է էլ ավելի վնասել իշխանությունների վարկանիշին:

Հենց այս վերջին՝ քաղաքական նկատառումն է, որ Հայաստանի իշխանությունների մոտ գերիշխում է: Գազի թանկացման մասին լուրը հնարավորինս թաքցնելով բնակչությունից՝ իշխանությունները փորձում են դիվիդենդներ ստանալ կամ առնվազն չկորցնել նախագահական ընտրություններից առաջ: Թերևս էներգետիկայի և բնական պաշարների նախարարը այն դեմքը չէ, որ առանց վերևից ցուցում ստանալու, հրապարակային ստեր, թե Հայաստանը գազը գնում է 180 դոլարով: Ասել են՝ այդպես կասես և վերջ:

Հայաստանի իշխանությունների մեծագույն պրոբլեմը հենց դա է, որ պետության և ազգի համար կարևորագույն խնդիրները պայմանավորում են քաղաքական, կուսակցական և նեղ անձնական շահերով: Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարությունը գազի թանկացումը բնակչությանն բոլոր շերտերի համար սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում իր 20 տոկոս բաժնեմասի շուրջ կեսը ռուսական «Գազպրոմին» փոխանցելու միջոցով: Մինչդեռ, առողջ քաղաքական միջավայրի և շուկայական տնտեսության պայմաններում, այդ սուբսիդավորումը պետք է տեղի ունենա բնակչության խոցելի խավերի համար:

Բայց սա չէ կարևորը: Կարևորն ու մտահոգիչն այն է, որ հերթական անգամ որոշակի մարդկանց կուսակցական-անձնական շահերին է զոհաբերվում պետական շահը:

Մի բան, որ տեղի ունեցավ 2008թ. նախագահական և 2009թ. Երևանի քաղաքապետի ընտրությունների վատ անցկացման արդյունքում, երբ դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, և 2011թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ անորոշ ժամանակով հետաձգվեց Եվրամիության դոնորների համաժողովը:

Մեկնաբանել