Երևանում բացվել է Նոտարական ծառուղի

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հոկտեմբերի 28-ին մասնակցել է Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում Նոտարական ծառուղու բացմանը:

Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները: Նոտարական պալատի նախաձեռնությամբ ծառուղում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, տարածքի մշտական խնամքը ևս նոտարական պալատը խոստացել է հոգալ:

Կամո Արեյանն ու Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում տնկել են նաև անվանական ծառեր:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում ևս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը հույս է հայտնել, որ այս քայլը կդառնա վարակիչ և լավ օրինակ նաև այլ գերատեսչությունների համար:

Մեկնաբանել