ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները, այդ առումով կարևորելով նաև ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:


Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Մեկնաբանել