1000 խոշոր հարկատուներն ապահովել են պետբյուջեի հարկային մուտքերի 74%-ը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 1000 խոշոր հարկատուների հունվար-սեպտեմբերի ցանկը։ Ընկերությունների կողմից վճարված հարկերի կառուցվածքից երևում է, որ ինն ամիսներին պետբյուջեի լրացուցիչ Դ50,5 մլրդ հարկային մուտքերի զգալի մասն ապահովվել է կանխավճարների հաշվին։ Պետական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության վճարած հարկերը, օրինակ, աճել են հինգ անգամ։

Այս տարվա ինն ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են վճարել Դ394,9 մլրդ-ի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է Դ42 մլրդ-ով կամ 12%-ով։ Նույն ժամանակահատվածում պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների ծավալն ավելացել է Դ49,1 մլրդ-ով, իսկ սոցվճարների հետ միասին՝ Դ50,5 մլրդ-ով։ Ստացվում է, որ 1000 խոշոր հարկատուներն ապահովել են հավելյալ հարկային եկամուտների 85,5%-ը, այն դեպքում, երբ նրանց բաժին է ընկել պետբյուջե մուտքագրված Դ534,1 մլրդ հարկային եկամուտների և տուրքերի 74%-ը։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա ինն ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովել են հարկային եկամուտների և տուրքերի 72,7%-ը։

Խոշորների վճարած հարկերի կառուցվածքից երևում է, որ թեև նրանք ապահովել են լրացուցիչ հարկերի հիմնական մասն ու ընդհանուր հարկային մուտքերում ավելացրել սեփական մասնաբաժինը, սակայն շարունակել են գտնվել «արտոնյալ» վիճակում։

Այսպես՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալում ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասնաբաժինն այս տարի կազմել է 26,1% (Դ02,9 մլրդ)՝ անցած տարվա 26,6%-ի (Դ93,7 մլրդ) դիմաց. ուղղակի հարկերի ծավալն աճել է Դ9,2 մլրդ-ով կամ 9,8%-ով։ Եվ սա այն դեպքում, երբ անուղղակի հարկերի ծավալն այս տարվա ինն ամիսներին ավելացել է 12,8%-ով կամ Դ30,3 մլրդ-ով։ Ստացվում է, որ խոշոր բիզնեսի հարկերի աճի 72%-ն ապահովել են սպառողները, քանի որ անուղղակի հարկերը (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) վճարում է վերջնական սպառողը։

Ուշագրավ է, որ այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտներում ուղղակի հարկերի (եկամտահարկ, շահութահարկ) մասնաբաժինը կազմել է 29% (Դ155 մլրդ), այնինչ խոշոր հարկ վճարողների մոտ ցուցանիշը 26,1% է։ Եթե հաշվի առնենք, որ պետբյուջե մուտքագրված հարկերի 74%-ը բաժին է ընկել 1000 խոշոր հարկատուներին, իսկ 26%-ը՝ մյուս հարկ վճարողներին, ապա հենց վերջիններս են ապահովել ուղղակի հարկերի գերակշիռ մասը։ Խոշոր հարկատուների ուղղակի հարկերի ծավալն ավելացել է 9,8%-ով։

Կանխավճարների հաշվին
Այս տարվա հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների վճարած հավելյալ Դ42 մլրդ-ից 30 մլրդ-ը բաժին է ընկել ցանկի առաջին 50 ընկերություններին։ Ընդ որում՝ հենց նրանք են ապահովել 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 51,2%-ը։

ՊԵԿ-ի հրապարակած ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ վճարելով Դ22,6 մլրդ։ Ուշագրավ է, որ հունվար-սեպտեմբերին գազի իրացման ծավալների 12,3% աճի պայմաններում «ՀայՌուսգազարդի» վճարած հարկերն ավելացել են 42%-ով կամ Դ6,7 մլրդ-ով։ Աճը մի կողմից պայմանավորված է գազի ծավալներով, մյուս կողմից՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կողմից Դ6 մլրդ-ի արտադրանքի թողարկումով։ Սակայն նույնիսկ այս պայմաններում ընկերության վճարած հարկերի նման աճն անհասկանալի է և ամենայն հավանականությամբ պայմանավորված է կանխավճարների հանգամանքով։

Համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գների նվազումը բերել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարված հարկերի Դ6 մլրդ-ով կրճատման՝ ինն ամիսներին՝ Դ16,4 մլրդ։ Սակայն եթե հունվար-սեպտեմբերին համաշխարհային շուկայում մետաղների գներն անցած տարվա համեմատ կրճատվել են 6%-ով, ապա ընկերության վճարած հարկերը նվազել են 27%-ով։ Ընդ որում՝ կրճատվել են հիմնականում ուղղակի հարկերը՝ Դ7 մլրդ-ով կամ 55%-ով։ Պատճառը ամենայն հավանականությամբ այն է, որ անցած տարի ընկերությունը կտրուկ ավելացրել էր հարկերը կանխավճարների հաշվին, և այս տարի պարզապես մաշեցրել է դրանք։

Համաշխարհային շուկայում ոսկու գների աճը նպաստել է, որ «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության (զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը) վճարած հարկերն ավելանան Դ2,7 մլրդ-ով՝ կազմելով Դ5,6 մլրդ, իսկ «Գեո պրոմայնինգ գոլդ» ընկերությանը՝ Դ3 մլրդ-ով՝ մինչև Դ4 մլրդ։ Սակայն այստեղ ևս ամենայն հավանականությամբ դեր է խաղացել կանխավճարների գործոնը։

Արտոնյալ կարգավիճակ
Սպառողական ապրանքների մի շարք շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող «Ալեքս Գրիգ» ընկերության (փոխկապակցված է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ) վճարած հարկերն ավելացել են 14%-ով (Դ1,66 մլրդ) կազմելով Դ13,5 մլրդ։ Չնայած աճին՝ Ալեքսանյանին պատկանող ընկերություններն այս տարի իրականում ավելի քիչ հարկեր են վճարել, քան 2011թ.։ Շաքարավազի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «ԼուսԱստղ շուգար» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերությունը (կրկին փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ) այս տարի վճարել է ընդամենը Դ100 մլն-ի հարկ՝ անցած տարվա Դ2 մլրդ-ի համեմատ։ Սա այն դեպքում, երբ այս տարի անցած տարվա համեմատ շաքարի արտադրությունն ավելացել է 10%-ով կամ 4 հազ. տոննայով։ Ուշագրավ է, որ շաքարավազի ներկրման ժամանակ Սամվել Ալեքսանյանը մաքսային ձևակերպումները կատարում է երկու ընկերություններով էլ, և հստակ չէ, թե այս տարի 53,5 հազ. տոննա շաքարազավը որ ընկերությունն է ներկրել։

Ընդ որում՝ «Ալեքս Գրիգը» շարունակել է արտոնյալ հարկատու մնալ։ Ընկերության վճարած հարկերը խոշոր հարկատուների ընդհանուր ծավալում կազմել են 5,4%, այն դեպքում երբ անցած տարի ցուցանիշը 5,7% էր։

Բյուջեն տուժել է կապից ու գազից
Հեռահաղորդակցության ոլորտի երեք օպերատորները՝ «Ղ-Տելեկոմը», «ԱրմենՏելը» և «Օրանժ Արմենիան», ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել Դ25 մլրդ-ի հարկեր, ինչն անցած տարվա ինն ամիսների համեմատ պակաս է Դ0,6 մլրդ-ով։ Հարկերի նվազումը պայմանավորված է հիմնականում նրանով, որ «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերի ծավալը կրճատվել է 0,44 մլրդ-ով։ Կրճատումը եղել է ուղղակի հարկերի հաշվին։

Շուկայի մեկ այլ խաղորդ «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերի ծավալն ավելացել է Դ1 մլրդ-ով, ընդ որում՝ աճն ամբողջովին ապահովել են ուղղակի հարկերը։ «ԱրմենՏելի» վճարած հարկերի ծավալն աննշան կրճատվել է (0,7%-ով), թեև որոշակի աճ է արձանագրվել թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի հարկերի գծով։

Նավթամթերքի շուկայի երկու խաղորդները՝ «Ֆլեշ» և «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունները, ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել Դ14,9 մլրդ-ի հարկեր, ինչն անցած տարվա համեմատ պակաս է Դ50 մլն-ով։ Մի կողմից՝ այս տարի ներքին շուկայում արձանագրվել է վառելիքի գների աճ, բենզալցակայանները տեղափոխվել են ընդհանուր հարկային դաշտ, բայց մյուս կողմից՝ բենզինի գների աճը պատճառ է դարձել, որ քաղաքացիներն անցնեն այլընտրանքային վառելիքի՝ գազի։

Հոսանքն աշխատել է բյուջեի օգտին
Ինն ամիսներին ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին իրացվող էլեկտրաէներգիայի ծավալների 8,1% աճի պայմաններում ընկերության վճարած հարկերի ծավալը կրճատվել է 9%-ով՝ կազմելով Դ6,87 մլրդ։ Հարկերը կրճատվել են հիմնականում անուղղակի հարկերի հաշվին, ինչը պայմանավորված է արտադրող կայաններից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի սակագնում «թանկ» էլեկտրաէներգիայի մասնաբաժնի ավելացումով և որպես հետևանք՝ ինքնարժեքի բարձրացմամբ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս տարի արտադրող կայանների սակագների վերանայումը, մասնավորապես Մեծամորի ատոմակայանի սակագնի բարձրացումը, հանգեցրել է նրան, որ ՀԱԷԿ-ի կողմից արտադրության ծավալների 4% աճի պայմաններում ընկերության վճարած հարկերի ծավալն ավելանա 24%-ով կամ ֌1 մլրդ-ով՝ կազմելով Դ4,6 մլրդ։

Ուշագրավ է, որ թեև այս տարվա ինն ամիսներին «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» առաքման ծավալները գումարային արտահայտությամբ կրճատվել են 41%-ով, ընկերության վճարած հարկերի ծավալն աճել է Դ3,7 մլրդ-ով կամ 5,2 անգամ։ Ընդ որում՝ ընկերության Դ4,6 մլրդ-ի հարկերի Դ3,4 մլրդ-ը բաժին է ընկել ուղղակի հարկերին՝ անցած տարվա Դ113 մլն-ի դիմաց։ Հարկերի թռիչքային աճը պայմանավորված է ընդամենը նրանով, որ բյուջեի հարկային եկամուտներն ապահովելու համար ընկերությունը լուրջ կանխավճարներ է կատարել։

Մեկնաբանել