Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 8%-ի մակարդակում

Կենտրոնական բանկը հերթական անգամ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%: Անփոփոխ տոկոսադրույքի՝ մեկ տարուց ավելի վարվող քաղաքականությունը, ըստ էության, չի անդրադառնում գնաճի վրա։ Գնաճն իրականում պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնով և համաշխարհային շուկայում արձանագրվող միտումներով, որոնց վրա ԿԲ-ի ազդեցությունը գրեթե զրոյական է։

2012թ. նոյեմբերի 6-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%: Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2012թ. հոկտեմբերին արձանագրվել է 1,2% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 3,4%՝ մոտենալով նպատակային ցուցանիշին:

«Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները պահպանվում են: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Այդուհանդերձ, ցորենի միջազգային գների բարձր մակարդակի պահպանումը վկայում է պարենային ապրանքների միջազգային շուկայում առկա հիմնարար լարվածության մասին: Վերջինս կշարունակի իր ազդեցությունն ունենալ ներքին գների վրա՝ դրսևորվելով «Հացամթերք» ապրանքախմբի գներում: Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ արտաքին հատվածից հնարավոր են նաև էներգակիրների գնաճային ռիսկեր»,– նշված է հաղորդագրությունում:

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա Հայաստանի տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը շարունակում է մնալ չափավոր գնաճային՝ պայմանավորված մասնավոր սպառման, հետևաբար և տնտեսական աճի տեմպերի շարունակվող արագացմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

«Հաշվի առնելով վերջին ամիսներին 12-ամսյա գնաճի ցուցաբերած վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները ներքին գների վրա՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի փոփոխումից: Այդ պարագայում 12-ամսյա գնաճը առաջիկա ամիսներին կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի այդ մակարդակի շրջանակում»,– նշված է հաղորդագրությունում:

Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը իրականացրել է ԿԲ-ի կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կրճատելու գործընթացի վերջին փուլը՝ 4-տոկոսային կետից այն վերանայելով 3-տոկոսային կետ: ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6,5%, իսկ տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9,5%։

Ուշագրավ է, որ այս տարվա ընթացքում ցածր գնաճը պայմանավորված է եղել հիմնականում բարենպաստ գյուղատնտեսական տարով։ Եթե գյուղմթերքների գների վարքագիծը զսպել է ընդհանուր գնաճը, ապա համաշխարհային շուկայի միտումները և «լողացող» դրամը խթանել են այն։

Եթե օգոստոսին և սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2,5%, ապա հոկտեմբերին՝ արդեն 3,4%։ Գնաճի տեմպի հոկտեմբերյան արագացումը առաջին հերթին պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների աճով։ Այս ապրանքախմբում (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3,5%, ոչ պարենային ապրանքների խմբում՝ 5,7%։ Ծառայությունների սակագներն աճել են 2,3%։ Եթե հոկտեմբերին 12-ամսյա գնաճի տեմպն արագացրել է 0,9-տոկոսային կետով, ապա պարենային ապրանքների գների աճի տեմպն ավելացել է 1-տոկոսային կետով, ծառայություններինը՝ 0,2-տոկոսային կետով, ոչ պարենային ապրանքների գների աճի տեմպը եղել է զրոյական։

Հոկտեմբերին գնաճի տեմպի արագացումն ամբողջովին պայմանավորված է եղել պարենամթերքի գների աճով, ինչը հիմնականում կապված է եղել արտաքին գործոնների և դրամի արժեզրկման հետ։ Ընդ որում՝ հոկտեմբերին հիմնականում թանկացել են սպառման առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը նշանակում է, որ ԿԲ-ի «տոկոսադրույքային քաղաքականությամբ» հնարավոր չէ նվազեցնել ընդհանուր գնաճը։

Եթե ներքին շուկայում հոկտեմբերին, 2011թ. հոկտեմբերի համեմատ, հացամթերքի ապրանքախմբում գների 10% աճը պայմանավորված է եղել համաշխարհային շուկայում հացահատիկի գների աճով, ապա տարեկան կտրվածքով կենդանական և բուսական յուղերի գների 2,6% աճը ամենայն հավանականությամբ փոխարժեքի հետևանք է։ Այս տարվա ինն ամիսներին դրամն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արժեզրկվել է միջինը 30 կետով կամ 8%-ով։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ այս տարի բանկերն առևտրի ոլորտը նախընտրել են վարկավորել արտարժույթով, ապա ակնհայտ է, որ դրամի արժեզրկումը պետք է հանգեցներ գների աճի։