Հանրապետականները կմնան մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ Սենատում

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում, ինչպես ակնկալվում էր, դեմոկրատները փոքր-ինչ կավելացնեն խմբակցությունների թվաքանակը Սենատում և Ներկայացուցիչների պալատում, սակայն բացարձակ մեծամասնություն չեն ստանա ոչ մի պալատում, վկայում են ABC հեռուստաընկերության էքզիթ-փոլերի արդյունքները։ Ընդ որում՝ նշում է հեռուստաընկերությունը, հանրապետականները չեն զրկվի արդեն ունեցած մեծամասնությունից Ներկայացուցիչների պալատում։

Երեկ ամերիկացիները, բացի նախագահից, ընտրել են նաև Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի կազմի 1/3-ը։ «Համաձայն ընտրատեղամասերի մուտքերի մոտ իրականացված հարցումների տվյալների՝ հանրապետականները պահպանել են իրենց մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։ Եվ դա, անկասկած, լավ նորություն է խոսնակ Ջոն Բոների համար։ Դեմոկրատներն առայժմ կարող են չվախենալ Սենատում մեծամասնությունը կորցնելու համար։ Սակայն կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա ձևավորել բացարձակ մեծամասնություն, որը թույլ է տալիս օրենքներն ընդունել պարզեցված գործընթացով»,- նշում է ABC-ն։

Չներկայացնելով Կոնգրեսի ընտրություններում ձայների հաշվարկի վերջնական տվյալներ՝ հեռուստաընկերությունը նշում է, որ ընտրությունները արմատապես չեն փոխել քաղաքական ուժերի դասավորությունը ԱՄՆ-ի խորհրդարանում։

Մեկնաբանել