Վաշինգտոնն ու Կոլորադոն կողմ են քվեարկել մարիխուանայի օրինականացմանը

ԱՄՆ-ի Վաշինգտոն և Կոլորադո նահանգների ընտրողները նախնական տվյալներով կողմ են քվեարկել մարիխուանայի՝ առանց բժշկական դեղատոմսի վաճառքի օրինականացմանը, հաղորդում է BBC-ն։

Ժամեր առաջ Մասաչուսեթսի բնակիչները հավանություն էին տվել թեթև թմրանյութի օգտագործմանը բժշկական նպատակներով։

ԱՄՆ-ում դաշնային օրենքներն արգելում են մարիխուանայի վաճառքը ցանկացած պայմաններում։ Թմրանյութի լիակատար օրինականացումը Վաշինգտոնում ու Կոլորադոյում կարող է սրել տարաձայնությունները տեղի և դաշնային օրենսդիր մարմինների միջև։

Մարիխուանայի օրինականացման հարցի վերաբերյալ քվեարկություն տեղի կունենա ԱՄՆ-ի ևս երեք նահանգում՝ Օրեգոնում, Արքանզասում և Մոնտանայում։