Ստուգումները վստահություն չեն ներշնչել պանրագործներին

Պանրի շուկայում իրականացված վերջին ստուգումները, որոնց արդյունքում չանախ տեսակի պանրում հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ, նախագահական ընտրություններին ընդառաջ կատարված քայլ է: Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով՝ միությունում կասկածներ կան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգումների արդյունքների վերաբերյալ, և իրենք մտադիր են նոր ստուգումներ անցկացնել։

«Կառավարությունն ընտրություններից առաջ փորձում է ցույց տալ, որ աշխատանք է կատարում, ստուգումներ է իրականացնում: Մինչև ընտրություններն ինչո՞ւ չէին անում»,– երեկ հրավիրած ասուլիսին հայտարարել է Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ ցուպիկներ պանրում նախկինում էլ են հայտնաբերվել:

Բանախոսի համոզմամբ՝ այս ամենի հիմնական մեղավորը չի կարող լինել արտադրողը, քանի որ այն հանգամանքներն ու իրավիճակը, որում նա արտադրում է, այլընտրանք չկա: Ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա երաշխիք չէ պանրի մանրէաբանական կազմը նորմայում պահելու համար, եթե մթերվող կաթը կեղտոտ է: Այդ բակտերիան կաթում կարող է հայտնվել ջրից, կեղտոտ ձեռքերից: Ընդ որում՝ աղիքային ցուպիկը կաթում ամենավտանգավոր բակտերիան չէ, ըստ Ա. Գիգոյանի՝ նույնիսկ «ամենահասարակն է», կան նաև ավելի վտանգավոր բակտերիաներ՝ «զոլոտոյ ստաֆիլակոկ»:

Պանիր արտադրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրը բարդանում է նրանով, որ որոշ պանրագործներ կաթի պաստերիզացումը լիարժեք չեն իրականացնում՝ ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: Այդ քայլին նրանք գնում են, քանի որ պանրի թանկացումն անմիջապես առաջացնում է պետական տեսչությունների ուշադրությունը:

Գիգոյանի համոզմամբ՝ Հայաստանում պանրի արտադրությունը շատ լուրջ, սակայն դեռ չձևավորված ոլորտ է, որի շնորհիվ 5 հազ. մարդ «հացի փող» է կարողանում վաստակել: Ըստ Գիգոյանի՝ ցուպիկներ հայտնաբերվել են նաև այն կազմակերպություններում, որոնց արտադրանքն արտահանվում է Ռուսաստան:

Անդրադառնալով կառավարության 2011թ. հայտարարած «հայկական պանիր» ծրագրին, որի շրջանակում պետք է պանիր արտահանվեր աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ և Ռուսաստան, Գիգոյանը նշել է. «Մենք՝ պանրագործներս, հավաքվեցինք, ցույց տվեցինք, որ կարող ենք պանիր արտադրել, արտահանել, հերթը հասավ կառավարությանը, պետք է գումար տրամադրեր, չկա, ծրագիրը սառեցված է, ֆինանսավորում չկա»:

2010թ. Հայկական զարգացման գործակալությունը Պանիր արտադրողների միության հետ համատեղ, 50/50 սկզբունքով, ստեղծել է «Հայկական պանիր» ընկերությունը, որի նպատակը հայկական պանրի արտահանումն էր ու արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղումը։

Այս տարվա ինը ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից պանրի արտահանումն ավելացել է 2,2 անգամ՝ հասնելով 707 տոննայի։ Ուշագրավ է, որ հայկական պանիրն արտահանվում է ընդամենը չորս երկիր՝ Ռուսաստան (687 տոննա), ԱՄՆ (18,4 տոննա), Վրաստան (2,2 տոննա), Արաբական Միացյալ Էմիրություններ (0,44 տոննա)։ Արտահանման ծավալների աճն ապահովել է հիմնականում ռուսական շուկան, ԱՄՆ արտահանման ծավալներն կրճատվել են 2,8 անգամ։

Անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահան Բախչագուլյանը ներկայացրեց պանրի ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե 59 տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, պահման պայմանների հետ կապված։ Ստուգումների արդյունքում 18 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն արգելվել է՝ առանձին կամ ամբողջ արտադրության կտրվածքով, իսկ 5,5 տոննա չանախ տեսակի պանիր ոչնչացվել է, քանի որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում արտադրվել է մոտ 14 հազ. տոննա պանիր։

Մեկնաբանել